Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի բանի պետք չեմ, ինքս և գիտեմ, որ ոչ մի բանի պետք չեմ, բայց այնպես կանեմ, որ պետք գամ։ Ես ամեն բան կհաղթահարեմ, կողմնակի աշխատանք կճարեմ, զանազան թղթեր կարտագրեմ զանազան գրականագետների համար, կգնամ նրանց մոտ, ինքս կգնամ, կկպչեմ, պոկ չեմ գա, աշխատանք կպահանջեմ, որովհետև, ջանիկս, նրանք լավ գրագետներ են փնտրում, գիտեմ, որ փնտրում են, իսկ ձեզ թույլ չեն տա, որ ձեզ ուժասպառ անեք, թույլ չեմ տա, որ այդպիսի մի կործանիչ մտադրություն իրագործեք։ Ես, հրեշտակիկդ իմ, անպատճառ պարտք կվերցնեմ և ավելի շուտով կմեռնեմ, քան թե պարտք չեմ վերցնի։ Եվ գրում եք, աղավնյակդ իմ, որ մեծ տոկոսներից չվախենամ, իսկի էլ չեմ վախենա, ջանիկս, չեմ վախենա, այժմ ոչ մի բանից էլ չեմ վախենում։ Ես, ջանիկս, կխնդրեմ քառասուն (40) ռուբլի ասիգնացիա, շատ չէ, չէ՞, Վարինկա, ի՞նչ եք կարծում: Կարելի՞ է ինձ աոաջին իսկ խոսքից քառասուն ռուբլի հավատալ, այսինքն՝ ուզում եմ ասել, ընդունա՞կ եք համարում ինձ արդյոք առաջին իսկ հայացքից հավանականություն ու հավատարմություն ներշնչելու։ Իմ երեսին նայելով, կարելի՞ է արդյոք դատել իմ մասին բարենպաստ կերպով։ Մեկ հիշեցեք, հրեշտակիկս, ընդունա՞կ եմ ես արդյոք ներշնչելու։ Ի՞նչ եք դուք ձեզ ու ձեզ կարծում։ Գիտեք, մի տեսակ վախ է զգացվում,— ցավագին, ճշմարիտն ասած, ցավագին։ Քառասուն ոուբլուց քսանհինգը հետ եմ գնում ձեզ համար, Վարինկա, երկու ռուբլի տանտիրուհուն, իսկ մնացածը նշանակված է սեփական ծախսերիս համար։ Գիտեք, տանտիրուհուն պետք էր ավելի տալ, նույնիսկ անհրաժեշտ էր, բայց ինքներդ դատեցեք, ջանիկս, մեկ-մեկ թվեցեք իմ բոլոր կարիքները և կտեսնեք, որ ոչ մի կերպ չի կարելի ավելի տալ, հետևաբար ավելորդ է այս մասին խոսել, պետք չէ էլ հիշել։ Մի արծաթ ռուբլի կտամ կոշիկներ կառնեմ. չեմ էլ իմանում, վաղն ընդունակ կլինե՞մ հին կոշիկներովս ծառայության գնալու։ Վզի աղլուխ էլ անհրաժեշտ կլիներ, որովհետև շուտով հին աղլուխի տարին կլրանա. բայց որովհետև դուք ձեր հին գոգնոցից ոչ միայն վզի աղլուխ, այլև թևնոց եք խոստացել կարելու, ուստի աղլուխի մասին այլևս չեմ