Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմա էլ, ձեր բոլոր դժբախտություններից հետո էլ, որոնց պատճառը ես եմ եղել ակամա, դուք հիմա էլ ապրում եք միմիայն նրանով, որ ես ապրում եմ—իմ ուրախություններով, իմ վշտերով, իմ սրտով։ Եթե ուրիշին վերաբերող ամեն բան այդպես ձեր սրտին առնեք և եթե այդպես ուժգին կարեկցեք ամեն բանի, ապա ճշմարիտ որ ամենադժբախտ մարդը կլինեք։ Այսօր, ծառայությունից հետո որ մտաք ինձ մոտ, վախեցա, որ նայեցի ձեզ։ Այնքան գունատ, ընկճված, հուսահատված էիք,— և այդ բոլորը նրա համար, որ վախենում էիք պատմել ինձ ձեր անհաջողությունը, վախենում էիք դարդոտել, վախեցնել ինձ, բայց հենց որ տեսաք՝ ես քիչ էր մնում ծիծաղեի, հանգիստ շունչ առաք։ Մակար Ալեքսեևիչ, մի՝ տխրեք, մի՛ հուսահատվեք, խոհեմ եղեք,— խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ։ Ա՛յ, կտեսնեք, որ ամեն բան լավ կգնա, ամեն ինչ կփոխվի դեպի լավը, ապա թե ոչ ձեր կյանքը կյանք չի լինի, եթե այդպես շարունակ ուրիշների դարդը քաշեք։ Մնաք բարով, իմ բարեկամ, աղաչում եմ ձեզ, չափազանց մի՝ անհանգստանաք իմ մասին։

Վ. Դ.
Օգոստոս 5

Աղավնյակդ իմ, Վարինկա։

Լավ, հրեշտակիկդ իմ, լավ։ Դուք վճռել եք, թե վնաս չունի, որ փող չեմ ճարել։ Լավ, ես հանգիստ եմ, ես երջանիկ եմ, ձեր հաշվին։ Նույնիսկ ուրախ եմ, որ ինձ՝ ծերունուս, չեք թողնում և մնում եք այդ բնակարանում։ Սիրտս ուրախությամբ լցվեց, երբ որ տեսա, որ դուք ձեր նամակի մեջ իմ մասին այնպես լավ եք գրել և իմ զգացումներին հարկավոր գովասանքն եք տվել։ Ես այս հպարտությունից չեմ ասում, այլ նրա համար, որ տեսնում եմ, թե դուք ինչպես եք ինձ սիրում, երբ որ իմ սրտի մասին այդպես անհանգստանում եք։ Շատ բարի, հիմա էլ ի՜նչ խոսենք իմ սրտի մասին։ Սիրտը՝ ինքնըստինքյան,— այդ, դուք պատվիրում եք, ջանիկս, որ փոքրոգի չլինեմ։ Այո՛, հրեշտակիկդ իմ, ճիշա է, ես ինքս էլ կասեմ, որ փոքրոգություն հարկավոր չէ,