Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակի համար ասենք, տեսել էր այն կոշիկները, որոնց կաշին երեկ կտրել էր պատահմամբ, կարծես թե մարդ անպատճառ պետք է այդպիսի հիմար բան տեսնի երազում։ Ասենք, նա արհեստավոր է, նա կոշկակար է, նրան ներելի է, որ մենակ իր առարկայի մասին մտածի։ Նրա երեխաները ծնվում, լաց են լինում և կինն էլ սոված է. և մենակ կոշկակարները չեն, որ երբեմն այդպես են վեր կենում քնից, բալիկս։ Այս դեռ էլի վնաս չունի, և այս մասին չարժե գրել, բայց ահա թե ինչպիսի հանգամանք է դուրս գալիս, ջանիկս, հենց նույն այդ տան մեջ, մի հարկ վերև թե ներքև, ոսկեզօծ պալատներում և ամենահարուստ մի անձնավորություն գիշերը գուցե թե երազում տեսավ նույն կոշիկները, այսինքն ուրիշ տեսակ, ուրիշ ֆասոնի կոշիկներ, բայց և այնպես կոշիկներ. որովհետև իմ այստեղ հասկացած իմաստով, ջանիկս, մենք ամենքս դուրս ենք գալիս մի քիշ կոշկակարներ։ Եվ այս էլ դեռ վնաս չունի, բայց միայն վատն այն է, որ ոչ ոք չկա այդ ամենահարուստ մարդու մոտ, մարդ չկա, որը փսփսար նրա ականջին, թե «բավական է այդ մասին մտածես, մենակ քո մասին մտածես, մենակ քեզ համար ապրես. դու կոշկակար չես. երեխաներդ քաղցած չեն և կինդ ուտելու բան չի խնդրում. մտիկ արա շուրջդ, հոգացողություններիդ համար ավելի ազնիվ բան չե՞ս գտնում, քան քո կոշիկները»։ Ահա թե ինչ էի ուզում ասել ձեզ այլաբանորեն, Վարինկա։ Այս գուցե թե չափազանց ազատ միտք է, բալիկս, բայց այս միտքը երբեմն լինում է, երբեմն գալիս է և այն ժամանակ ակամա մարդուս սրտից դուրս է պրծնում ջերմ խոսքով։ Ուստի և հարկ չկար ինքս ինձ գրոշի արժեք չտալու, վախենալով աղմուկից ու գորգոռոցից։ Ուրեմն կեզրափակեմ նրանով, ջանիկս, որ դուք գուցե թե մտածեք, թե ես զրպարտություն եմ ասում, կամ թե մելամաղձոտություն է եկել վրաս, կամ թե այս բանը ես որևէ գրքից եմ արտագրել։ Ո՛չ, ջանիկս, սխալվում եք, այդպիսի բան չկա. զրպարտությունից զզվում եմ, մելամաղձություն չի եկել և ոչ մի գրքից էլ ոչինչ չեմ արտագրել — ահա թե ինչ։

Տուն եկա հոգեկան տխուր տրամադրության մեջ, նստեցի սեղանի մոտ, թեյնոցս տաքացրի և պատրաստվում էի