Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անուն էլ տվեց)։ Նա ճանապարհից հանեց ձեր քեռու աղջկան և ձեզ էլ կործանեց։ Իմ կողմից ես էլ այդ բանում ստոր գտնվեցի, ասենք, է՛հ, աշխարհի բան է, է՛լի»։ Այստեղ նա քրքջաց, որքան ուժ ուներ։ Հետո նկատեց, թե ինքը գեղեցիկ խոսելու վարպետ չէ և թե գլխավորը, որ հարկավոր էր բացատրել և որի մասին ազնվության պարտքը հրամայում էր իրեն չլռել, ինքն արդեն բացատրեց, և թե կարճ խոսքերով սկսում է մնացածը։ Այստեղ բացատրեց ինձ, թե խնդրում է իմ ձեռքը, թե իր պարտքն է համարում վերադարձնել իմ պատիվը, թե ինքը հարուստ է, թե հարսանիքից հետո ինձ կտանի իր տափաստանի գյուղը, թե ուզում է այնտեղ նապաստակներ որսալ, թե այլևս երբեք Պետերբուրգ չի գա, որովհետև Պետերբուրգում ապրելը զզվելի է, թե այստեղ Պետերբուրգում ունի, ինչպես ի՛նքն արտահայտվեց, մի անպիտան եղբորորդի, որին երդվել է զրկել ժառանգությունից և հատկապես այդ բանի համար, այսինքն՝ օրինական ժառանգներ ունենալու համար է, որ խնդրում է իմ ձեռքը, թե այդ է գլխավոր պատճառն իր խնամախոսության։ Հետո նկատեց, թե ես շատ աղքատ եմ ապրում, թե զարմանալի չէ, որ ես հիվանդ եմ, ապրելով այսպիսի մի որջում, ասաց, թե մի ամիս էլ որ մնամ այսպես, անպատճառ կմեռնեմ. ասաց, թե Պետերբուրգում բնակարաններն անպիտան են և, վերջապես, թե ինձ որևէ բան հարկավոր չէ՞ արդյոք։

Նրա առաջարկից այնպես էի շշմել, որ ինքս էլ չգիտեմ ինչու լաց եղա։ Իմ արցունքները նա շնորհակալության տեղ ընդունեց և ասաց ինձ, թե ինքը միշտ հավատացած է եղել, որ ես բարի, զգայուն և ուսում առած օրիորդ եմ, թե ինքը նախ մանրամասն տեղեկություններ է հավաքել իմ այժմյան վարքի մասին և հետո միայն վճռել, որ իմ ձեռքը խնդրի։ Այստեղ նա հարցուփորձ արավ ձեր մասին, ասաց, թե ամեն ինչ լսել է, թե դուք ազնիվ մարդ եք, թե ինքն իր կողմից չի ուզում երախտապարտ մնալ ձեր առջև և թե ձեզ բավական կլինի 500 ռուբլի այն բոլորի համար, ինչ որ դուք արել եք ինձ համար։ Իսկ երբ ես բացատրեցի նրան, թե դուք ինձ համար այնպիսի բան եք արել, որի համար ոչ մի փողով չի կարելի վճարել, նա ինձ ասաց, թե այդ դատարկ բան է, թե այդ բոլորը ռոմաններ են, թե ես դեռ ջահել եմ և բաչեմ