Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբաղվել երբեմն գրականության հետ ոչ մի կապ չունեցող գործով, որպեսզի ապրուստի մի հիմնական աղբյուր ունենար։ Այսպիսով՝ հայ գրողն իմ ժամանակ ամենից առաջ ուսուցիչ էր, հաշվապահ, գործակատար, ծառայող, պաշտոնյա և ես ի՞նչ գիտեմ ուրիշ էլ ի՛նչ, և ապա միմիայն գրող։ Նա այսպես ասած, ի միջի այլոց գրող էր։

Սա ընդհանուր երևույթ էր, մի տեսակ ընդհանուր կանոն։ Ես ևս, իբրև մեկն այդպիսի գրողներից, իհարկե, չէի կարող դուրս մնալ այդ ընդհանուր կանոնից։ Կարող եմ ասել, որ երիտասարդությանս ամենալավ տարիները, օրվա աշխատանքից ամենալավ ժամերը ես անց եմ կացրել զանազան սև աշխատանքներով այս կամ այն խմբագրատանը, այս կամ այն տպարանում և ապա թե մնացած ժամերին, արդեն ֆիզիկապես և մտավորապես հոգնած, նստել եմ, որ մի բան գրեմ։ Բնական է, որ այսպիսի պայմաններում մի գրող շատ բան չի կարող տալ։

Թող ոչ ոքի չմոլորեցնեն այն բացառիկ հայտնի անունները, որոնք 80—90-ական թվականներին և մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը փայլում էին հայկական կյանքի համարյա բոլոր ասպարեզներում՝ սկսած մամուլից, գրականությունից, թատրոնից, դպրոցներից, մինչև հանրային հաստատություններ։ Դրանք մեր հասարակության, այսպես ասած, վերին խավերի ներկայացուցիչներն էին, որոնց մենք այժմ անվանում ենք բուրժուական և մանր բուրժուական ինտելիգենցիա։ Դրանք առանձին-առանձին խմբակներ էին, շատ անգամ իրար թշնամի, իրենց անձնական կամ կուսակցական շահերով տարված։ Այդ խմբակներից ամեն մեկն իր մոնոպոլիան էր դարձրել հայկական կուլտուրական և հասարակական կյանքի այս կամ այն ասպարեզը։ Բուն ժողովուրդը, աշխատավոր ժողովրդի լայն մասսաները մեկուսացած էին, թողնված իրենց բախտին, ոչ ոք չկար, որ հոգար, ուշադրություն դարձներ նրանց վրա, ուշադրություն դարձնողն էլ իսկույն մեկուսացվում էր տիրող ռեժիմի կողմից։

Հոկտեմբերյան հեղափոխությունը եկավ մի անգամից ցրելու հայկական կյանքի մոնոպոլիստների այդ ինքնապարփակ խմբակներն իրենց նեղ դասակարգային կուսակցական