Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահազիզի հոբելյան հանդեսի մանրամասն նկարագրի կրճատած տպված լինելու վերաբերմամբ ես ասում — հարկ չկար կրկին տպագրելու միևնույն բանն, ինչ որ արդեն մի անգամ մանրամասն կերպով տպագրել էինք (քո նամակների մեջ). բացի դրանից, ինքը պ. Բողդանյանն էլ գրել էր, որ եթե հանդեսի նկարագրությունն ավելորդ համարենք, կարող ենք շատ կրճատել։ Ուրեմն հարկ չկա, կարծեմ, «ցավելու» և «բարկանալու»։ Խնդրեմ այս մասին ասա իրեն՝ պ. Բողդանյանին։ Այստեղ ավելորդ չեմ համարում նկատել, որ մինչև անգամ բժ. Արամյանից հոդվածներ, լուրջ հոդվածներ ունենք ստացած, որ մեզանից թե կախված և թե չկախված պատճառներով չենք տպագրել և նա ամենևին մի բառով անգամ դժգոհություն չի հայտնել և շարունակում է առաջվա պես աշխատակցել մեզ։ Ինչ վերաբերում է նամակներիդ ուշ տպագրվելուն, այդ մասին պետք է ասեմ, որ դրանում մեղավոր է նյութերի անչափ շատությունը, որ հազիվ կարողանում ենք յուրաքանչյուրը յուր ժամանակին վրա հասցնել։ Շատ նյութեր մինչև անգամ արդեն չափից դուրս հնանալու պատճառով չեն տպագրվում։

Չնայելով, որ հունիսի 27-ին գրած նամակիցդ հետո՝ արդեն մի քանի նամակներ էլ գրել ես ինձ, բայց ես կարևոր գտա հիշած նամակիցդ սկսելու, որպեսզի քո և պ. Բողդանյանի կասկածները փարատեմ։ Չգիտեմ այդ աջողվե՞ց ինձ, թե ոչ։

Ի սրտե շնորհավորում եմ քո և պ. Վեսելովսկու ձեռնարկությունն «Из армянских беллетристов» վերնագրով գրքեր հրատարակելը։ Կասկած չկա, որ ռուս հասարակությունն ու մամուլն առանձնապես համակրանքով կվերաբերվին այդ հրատարակություններին, ուրիշ բան է, թե նրանք չեն հավանիլ մեր բելլետրիստներին։ Բայց խորհուրդ կտամ շատ խիստ ընտրություններ անել, ինձ պես հափուռ-չփուռ գրողներին դեն ձգեցեք։ Չգիտեմ դու և ուրիշ հասկացողներն ինչ կարծիք ունին իմ մասին իբրև գրողի մասին, բայց — անկեղծ եմ ասում — իմ սեփական կարծիքս իմ մասին այնքան էլ նպաստավոր չէ։ Գրող, և ոչ մրոտող, լինելու համար բացի քիչ ու միչ շնորհք ունենալուց, պետք է և ընդարձակ, շատ ընդարձակ ու բազմակողմանի զարգացողություն ունենալ,