Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիներ, ես սկսեցի մոտիկից զննել տունը։ Նրա հիմնական հատկանիշը արտակարգ հնությունն էր՝ դարերի ընթացքում խունացած պատերն ամբողջովին ծածկված էին քարաքոսերով, որոնք խճճված ոստայններով կախված էին նաև տանիքի քիվերից: Չնայած դրան, տունն առանձնապես խարխլված չէր, և շինության ամբողջական տեսքը զարմանալիորեն չէր համապատասխանում առանձին քարերի մաշվածությանը: Այդպիսի տեսք է երբեմն ունենում փայտյա հին մի իր, որն առանց թարմ օդի երկար տարիներ փտել է մոռացված մի նկուղում։ Ինչևէ, հնամաշ իր տեսքին հակառակ, կառույցը փլվածության հատուկ նշաններ չուներ։ Միայն մանրազնին քննության դեպքում թերևս երևան գար հազիվ նշմարելի մի ճեղք, որը, կտուրի տակ սկսվելով, ոլորագծով իջնում էր պատովն ի վար և կորչում լճակի խոժոռ ջրերում:

Նշմարելով այս ամենը, ես սալապատ մի կածանով մոտեցա տանը, ու ձին դռնապանին հանձնելով, ոտք դրի կամարակապ գոթական մի դահլիճ: Այստեղից սպասավորը բազմաթիվ գալարուն ու մութ միջանցքների միջով գողունի քայլերով ուղեկցեց ինձ իր տիրոջ առանձնասենյակը: Չգիտեմ ինչու, բայց արդեն նկարագրածս աղոտ զգացումներն ավելի սաստկացան ճանապարհին իմ նկատած իրերից` առաստաղի խորաքանդակներից, մռայլ պաստառներից, սևաթույր հատակից ու պատերին գամված ֆանտաստիկ ասպազենից, որն արձագանքում էր իմ ամեն քայլին: Ես մանկությունից սովոր էի նման բաներին, և այդ շրջապատն ինձ համար բավական մտերիմ էր, բայց սովորական այդ առարկաները չգիտես ինչու բոլորովին անսովոր զգացմունքներ էին առաջացրել իմ հոգում: Աստիճաններից մեկի վրա ես հանդիպեցի Աշըրի բժշկին: Ինձ թվաց, թե նրա դեմքը միաժամանակ խարդախության ու շփոթմունքի արտահայտություն ուներ: Նա վախվորած բարևեց ինձ ու հապճեպ հեռացավ:՝ Քիչ հետո սպասավորը, դուռը լայն բացելով, ներկայացրեց ինձ իր տիրոջը:

Ես հայտնվեցի բարձր ու ընդարձակ մի սենյակում: Սև կաղնեփայտ հատակից անհասանելի բարձրության վրա փորված էին երկար ու նեղ գոթական լուսամուտներ: Վանդակապատ փեղկերից թափանցող աղոտ կարմրավուն լույսը ուրվագծում էր քիչ թե շատ խոշոր առարկաները, սակայն աչքն իզուր էր փորձում հասնել սենյակի անկյուններն ու կամարակապ առաստաղի