Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրան արևը բարի...)։
Եվ այն փառքը լուսապայծառ,
Որ հասնում էր աստղերին,
Պատմություն է արդեն անցած,
Թաղված խորքում դարերի։

Այժմ էլ, մեկ֊մեկ, թվում է, թե
Այնտեղ լույսեր են վառվում,
Եվ մեղեդու տակ անհեթեթ
Ծամածռվում է, պարում
Ուրուների ոհմակն անձև,
Որ գետի պես դուրս հորդում,
Հռհռում է, խնդում կարծես,
Բայց էլ երբեք չի ժպտում։

Լավ հիշում եմ, որ այս երգի ծնած զուգորդությունների շղթայով գնալով, Աշըրը մի կարծիք հայտնեց, որը ես այստեղ բերում եմ ոչ թե դրա նորության (շատերն են առաջարկել այդ միտքը[1]), այլ այն համառության համար, որով նա պաշտպանում էր իր տեսակետը։ Դրա էությունն այն էր, որ բուսական աշխարհն օժտված է զգայնությամբ։ Բայց նրա անկանոն երևակայությունն ավելի համարձակ բնույթ էր տվել այդ մտքին, և որոշ իմաստով այն ծավալել էր օրգանական աշխարհից դուրս։ Ես դժվարանում եմ նկարագրել նրա եռանդուն համոզվածության ծավալը կամ թափը։ Այն կապված էր (ինչպես ես արդեն ակնարկել եմ) իր պապենական տան գորշ քարերի հետ։ Ըստ Աշըրի, այդ զգայնության պայմանները երևում էին քարերի շարվածքում, նրանց փոխադարձ դիրքում, առատ մամուռներում ու շրջապատի հինավուրց ծառերում, և, որ ամենակարևորն է, այդ ամենի դարավոր անխախտ դասավորության մեջ, որը պատճենված էր լճակի ջրերում։ Այդ զգայնության ապացույց, ասաց նա, կարող է ծառայել այն հատուկ մթնոլորտը (այստեղ ես ցնցվեցի), որն աստիճանաբար կուտակվել է պատերի ու լճակի շուրջը։ Այդ ամենի արդյունքը, ավելացրեց նա, ապարանքի թողած դաժան ու անտանելի ներգործությունն է, որին մշտապես ենթարկվել են իր նախնիները և որը Աշըրին հասցրել է ներկայիս վիճակին։ Այստեղ ես կխուսափեմ մեկնաբանությունից,

  1. Ուոթսըն դ-ը Փըրսիվալ, Սպալանցինի և մանավանդ Լանդաֆի եպիսկոպոսը։ Տե՛ս, Chemical Essays, vol V. (հեղ.):