Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի որ նման մտքերը լուսաբանման կարիք չունեն։

Դժվար չէ կռահել, որ երկար տարիներ հիվանդի հոգևոր գոյությունը լրացրած գրքերը պիտի հիշեցնեին նրա երազները։ Մենք կլանված կարդում էինք Գրեսսեի «Վերվեր»-ը և «Վանատուն»-ը, Մաքիավելիի «Բելֆեգոր»-ը, Սվենդենբորգի «Դրախտն ու դժոխքը», Հոլբերգի «Նիլս Քլիմի ստորգետնյա ճամփորդությունը», Ռոբըրթ Ֆլադի, Ժան Դ’Էնդաժինեի և Դելաշամբրի «Ձեռնահմայություն»-ները, Թիքի «Ուղևորություն դեպի կապույտ հեռաստան»-ը և Կամպանելայի «Արևի քաղաքը»։ Աշըրի նախասիրությունը դոմինիկացի Էյմերիկ Դը Ժիրոնի «Directorium Inquisitorium»[1]-ի փոքր, octavo[2] հրատարակությունն էր, ինչպես նաև Պոմպոնիուս Մելայից աֆրիկյան այծամարդերին ու էգիպաններին նկարագրող հատվածները, որոնցով Աշըրը հափշտակվում էր ժամերով։ Սակայն մեծագույն բավականությունը նա ստանում էր հազվագյուտ, և չափազանց հետաքրքիր գոթական մի in quatro[2] ընթերցելով՝ մոռացված, մի եկեղեցու ծիսարան− «Vigilae Mortuorum secundum Chorum Ecclesiae Mangutinae[3]:

Ես ակամա հիշեցի այնտեղ նկարագրած տարօրինակ ծեսերը, և Աշըրի վըա դրանց թողած հնարավոր ազդեցությունը, երբ մի օր նա հանկարծ ինձ հայտնեց, որ լեյդի Մեդըլայնն այլևս չկա, և որ ինքը մտադիր է մարմինը թաղելուց առաջ կես ամիս պահել տանը, դղյակի բազմաթիվ գետնախորշերից մեկում։ Ես չհամարձակվեցի առարկել, նկատի ունենալով եղբոր տված բացատրությունը։ Ըստ Աշըրի, այդ որոշումը պայմանավորված էր հանգուցյալի հիվանդության արտասովոր բնույթով, բժիշկների աննախադեպ հարցասիրությամբ, ինչպես նաև Աշըրների տոհմական շիրմատան հեռավորությամբ։ Չեմ կարող ժխտել, որ երբ ես հիշեցի իմ առաջին գիշերվա միջադեպն աստիճանների վրա և այն անձնավորության չարագուշակ դեմքը, ես այլևս չուզեցի հակառակվել այդ արդեն բնական և վերջին հաշվով անմեղ կանխազգուշության իրականացմանը։

  1. Ձեռնարկ հավատաքննության (լատ.):
  2. 2,0 2,1 Ութնյակ, քառորդ (լատ.): Հրատարակչական չափեր։
  3. Հսկումն ննջեցելոց ըստ մանգուտինյան եկեղեցու օրհներգության կանոնի (լատ.)։