է նախքան մարելը, և ճկուն քայլերով սլացավ առաջ։ Հանկարծ հերթական անկյան ետևից մեզ շլացրեց պայծառ մի լույս, և մենք հայտնվեցինք Հարբեցողության քաղաքամերձ հսկա մի տաճարի՝ Ջինի Դևի պալատներից մեկի առջև։
Լույսն արդեն բացվում էր, բայց թշվառ գինեմոլները դեռ խռնված էին պայծառ լուսավորված դռների մոտ։ Երջանիկ ճիչով ծերունին ներս խցկվեց, և, իր նախկին տեսքն ստանալով, սկսեց դես ու դեն անել հաճախորդների մեջ։ Շուտով, սակայն, բոլորն ուղղվեցին դեպի դռները ի նշան նրա, որ տերը դրանք պիտի փակեր։ Իմ հետապնդած եզակի այդ էակի դեմքին հայտնվեց մի արտահայտություն, որը վհատությունից շատ ավելի խիստ էր։ Ինչևէ, նա երկար չվարանեց, այլ իսկույն խելագար թափով նետվեց դեպի աժդահա քաղաքի կենտրոն։ Նա վազում էր երկար ու սըրնթաց, և ես ապշահար վազում էի նրա ետևից, որոշելով ամեն գնով շարունակել ինձ ամբողջովին գրաված քննությունը։ Մինչ մենք քայլում էինք, արևը դուրս եկավ, և երբ հասանք քաղաքի ամենաբանուկ մասը՝ Դ... պանդոկի փողոց, այն արդեն նույնքան մարդաշատ էր, որքան նախորդ երեկո, եթե ոչ ավելի։ Այստեղ էլ, անընդհատ սաստկացող ժխորի մեջ, ես երկար կրնկակոխ հետևում էի ծերուկին։ Բայց նա սովորականի պես ետ ու առաջ էր անում եռուզեռի մեջ և ամբողջ օրվա ընթացքում ոչ մի անգամ չլքեց փողոցի ամբոխը։ Երբ քաղաքը ծածկվեց երկրորդ երեկոյի ստվերով, ես, մահու չափ հոգնած, կանգնեցի ուղիղ ծերունու առջև և հայացքս ուղղեցի ճիշտ նրա դեմքին։ Նա ինձ չնկատեց և անվրդով առաջ անցավ, իսկ ես, վերջ տալով հետապնդմանը, մտածմունքի մեջ ընկա։ «Այս ծերունին,— վերջապես ասացի ես,— մահացու ոճրի մարմնավորումն ու ոգին է։ Նա չի կարող մենակ մնալ։ ՆԱ ԱՄԲՈԽԻ ՄԱՐԴ Է։ Նրան հետևելն անիմաստ է, ես ոչ մի նոր բան չեմ իմանա ո՛չ նրա, ո՛չ նրա գործերի մասին։ Աշխարհիս ամենատգեղ սիրտն ավելի նողկալի գիրք է, քան Hortulus Animae[1]֊ն, և գուցե աստծո անսահման գթության օրինակներից մեծագույնն այն է, որ es lässt sich nichtlesen»։
- ↑ Հոգու պարտեզը (լատ.)։