Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ

Ես ոչ հույս ունեմ, ոչ էլ խնդրում եմ, որպեսզի հավատաք այն խելացնոր և միաժամանակ առօրեական պատմությանը, որը պիտի շարադրեմ։ Հիրավի, խենթություն կլիներ ապավինել ձեր վստահությանը, երբ իմ իսկ զգայությունները ժխտում են իրենց վկայությունը։ Սակայն ես խենթ չեմ և, անշուշտ, չեմ զառանցում։ Վաղը ես կմեռնեմ և ուրեմն այսօր պիտի թեթևացնեմ սիրտս։ Իմ նպատակն է պարզ, ամփոփ, և առանց որևէ մեկնաբանության պատմել մի շարք զուտ ընտանեկան դեպքերի մասին։ Այդ դեպքերն իրենց հետևանքներով սարսափեցրին, տանջահար արին, կործանեցին ինձ։ Ես չեմ փորձի որևէ բան բացատրել։ Գուցե այն, ինչ ինձ ահաբեկեց, ուրիշներին ամենից անհեթեթ հորինվածքից էլ անմեղ թվա։ Թերևս նույնիսկ գտնվի մի տրամաբանող, սառը դատողությամբ օժտված և պակաս դյուրագրգիռ մարդ, որն ինձ ահ ու դողի մեջ գցած այդ հանգամանքներում տեսնի միայն օրինաչափ պատճառական կապերի սովորական մի շարք։

Մանկության օրերին ինձ հատուկ հեզությունը, փափկասրտությունը և բարեհամբույր խառնվածքն այնքան էին շեշտված, որ հաճախ ես դառնում էի ընկերներիս ծաղրուծանակի առարկան։ Ես հատկապես կենդանիներ էի սիրում, և ծնողներս ինձ թույլ էին տալիս տանը տարբեր գազանիկներ պահել։ Կյանքիս ամենաերջանիկ պահերը նրանց կերակրելու և փայփայելու ժամերն էին։ Մեծանալով ես իմ այդ հատկությունը չկորցրի, և հասուն տարիքում այն նույնպես շարունակում էր ինձ մեծագույն բավարարություն պատճառել։ Նրանց, ում բախտ է վիճակվել հնարամիտ և նվիրված շուն ունենալ, հազիվ թե պետք լինի բացատրել, թե ինչպիսի հաճույք է պատճառում այդ կապը։ Կենդանու ինքնանվեր ու անշահախնդիր սերը իսկույն գրավում է այն սրտերը, որոնք առիթ են ունեցել փորձելու մարդու սին բարեկամությունն ու խախուտ անձնվիրությունը։

Ես վաղ ամուսնացա և շատ ուրախացա, տեսնելով, որ կինս նույն համոզմունքների տեր մարդ է։ Նկատելով իմ այդ հափշտակվածությունը, նա առիթը չէր կորցնում ինձ նորանոր ընտանի կենդանիներ նվիրելու։ Մենք թռչուններ էինք պահում, ունեինք մի հիանալի շուն, ոսկե ձկնիկ, ճագարներ, մի փոքրիկ կապիկ և մի կատու։