ավելի շեշտված խոսել այդ ցավալի նյութի շուրջը։ Նա նոր էր արթնացել անհանգիստ քնից, և ես տագնապով ու աղոտ սարսափով դիտում էի նրա հյուծված դեմքի արտահայտությունների խաղը։ Ես նստած էի անկողնու կողքին՝ հնդկական մի բազմոցի վրա։ Նա թիկնել էր անկողնուն և ցածր ու անձկալի ձայնով շշնջում էր այն հնչյունների մասին, որոնք հենց այդ պահին լսում էր, բայց ես չէի լսում՝ այն շարժման մասին, որը նա նույն այդ պահին տեսնում էր, բայց ես չէի նշմարում։ Պաստառների տակ օդի ուժեղ հոսանք կար, և ես փորձեցի Ռովենային համոզել (թեպետ պիտի խոստովանեմ, որ ինքս էլ դրանում համոզված չէի), թե այդ ձայներն ու շարժումը պարզապես այդ հոսանքի հետևանքն էին։ Սակայն նրա դեմքին տարածվող մեռելային գունատությունը վկայում էր, որ իմ ջանքերն ապարդյուն են։ Նա կարծես թե ուշաթափվում էր, իսկ մոտակայքում ոչ մի սպասավոր չկար։ Ես հիշեցի, թե որտեղ էր դրված բժիշկների նշանակած թեթև գինու սափորը, և իսկույն գնացի սենյակի հեռավոր անկյունը, որպեսզի այն բերեմ։ Երբ մտա բուրվառի արձակած լույսի շրջանը, իմ ուշադրությունը գրավեցին միանգամից երկու արտասովոր հանգամանք։ Ես, զգացի, որ կողքովս մի թափանցիկ, բայց նյութական ինչ֊որ բան անցավ ու տեսա ոսկեթել գորգի վրա լույսի շրջանի ճիշտ կենտրոնում ընկած շողքը՝ անորոշ ու դողդոջուն հրեշտականման մի պատկեր, որն ասես տեսիլքի ստվեր լիներ։ Այդ օրը ես ափիոնի անսովոր մեծ բաժին էի ընդունել և այնքան բորբոքված էի, որ ան ուշադրության մատնեցի տեսածս և Ռովենային ոչինչ չասացի։ Վերցնելով սափորը, մոտեցա անկողնուն, մի գավաթ գինի լցրեցի և այն մոտեցրի ուշաթափված տիկնոջ շուրթերին։ Քանի որ նա արդեն ուշքի էր գալիս, ապա ինքը վերցրեց գավաթը, և ես, աչքերս նրանից չկտրելով, նստեցի անկողնու մոտ դրված բազմոցին։ Նույն պահին ես հստակ լսեցի մահճակալի կողքին գորգի վրա ճեմող թեթև ոտնաձայները, իսկ մի պահ անց, երբ Ռովենան գավաթը մոտեցնում էր շուրթերին, ես տեսա, կամ ինձ թվաց, որ տեսա, թե ինչպես, ասես օդում թաքնված անտեսանելի մի աղբյուրից, գավաթի մեջ ընկան երեք թե չորս խոշոր սուտակագույն կաթիլ։ Եթե ինձ թվաց, թե ես ինչ֊որ բան տեսել եմ, ապա Ռովենան ոչինչ չէր նկատել։ Նա առանց տատանվելու խմեց այդ գինին, իսկ ես ոչինչ չասացի, գտնելով, որ այդ ամենը կարող էր ափիոնի,
Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/147
Արտաքին տեսք