Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդի վախի և ուշ ժամի իմ երևակայության վրա թողած ազդեցության արդյունքը լինել։

Ինչ էլ որ լինի, ես անկարող եմ անտեսել այն փաստը, որ սուտակե կաթիլների ընկնելուց անմիջապես հետո իմ կնոջ վիճակը կտրուկ վատացավ, այնպես որ, դրանից երեք օր անց սպասուհիներն արդեն թաղման պատրաստություն էին տեսնում, իսկ չորրորդ օրը ես, բոլորովին մենակ, նստած էի նրա պատանքի մեջ փաթաթված դիակի կողքին այն ցնորատեսիլ սենյակում, որն ընդունել էր նրան որպես իմ հարսնացու։ Աչքերիս առաջ թռչում֊անցնում էին ափիոնով ոգեկոչված անթիվ֊անհամար խելացնոր պատկերներ։ Ես մերթ ընդ մերթ անհանգիստ հայացքներ էի նետում անկյուններում դրված քարե դագաղներին, պաստառների փոփոխվող կերպարանքներին, բուրվառի բազմագույն ու գալարվող բոցերին։ Հիշելով վերջին գիշերվա դեպքը, ես դարձյալ նայեցի այն կետին, որտեղ անորոշ մի ստվեր էի նշմարել։ Այս անգամ այնտեղ ոչինչ չկար, և ես թեթևացած շունչ քաշեցի, ու հայացքս դարձրի մահճակալի վրայի սպիտակ ու անշարժ մարմնին։ Հանկարծ ինձ համակեցին Լիգեյայի հետ կապված հազարավոր հիշողություններ, և իմ սիրտը նորից հեղեղի պես ողողեց այն անասելի կսկիծը, որով ես նայում էի նույն պատանքի մեջ փաթաթված նրա մարմնին։ Գիշերն անցնում էր, բայց ես, իմ միակ սիրելիի մասին դառը մտքերով տարված, դեռ նայում էի Ռովենայի մարմնին։

Թերևս կեսգիշերին, կամ գուցե դրանից ուշ կամ շուտ (քանի որ ժամանակը չէի նկատում) մի թույլ, բայց հստակ լսվող հոգոց ինձ նորից ուշքի բերեց։ Ինձ թվաց, որ այն գալիս էր մահվան սևափայտ մահճից։ Սնոտի վախով համակված՝ ես նորից ուշադիր ականջ դրի, բայց ոչինչ չլսեցի։ Ես հայացքս սևեռեցի դիակին, բայց այն անշարժ էր։ Բայց և այնպես ես չէի կարող սխալված լինել։ Ես, անկասկած, լսել էի այդ ձայնը, թեև այն շատ թույլ էր, և իմ հոգին արթնացել էր։ Ես համառորեն շարունակում էի նայել դիակին։ Այդ գաղտնիքն իր լուծումը գտավ շատ րոպեներ անց, երբ նրա այտերը և կոպերի երակները թույլ, հազիվ նշմարելի երանգ ստացան։ Անսահման երկյուղածությամբ համակված, որը մարդկային լեզուն անկարող է նկարագրել, ես զգացի, որ իմ սիրտը կանգ առավ, իսկ անդամները քարացան։ Վերջապես պարտքի զգացումն ինձ ստիպեց ուշքի գալ։ Ակնհայտ էր, որ մենք իզուր էինք շտապել և թաղման