պատրաստություն տեսել՝ Ռովենան դեռ կենդանի էր։ Պետք էր իսկույն ինչ֊որ բան ձեռնարկել, բայց աշտարակը շատ հեռու էր վանատան այն մասից, որտեղ գիշերում էին ծառաները, և նրանց կանչելու համար ստիպված կլինեի բավական երկար ժամանակով լքել սենյակը, իսկ ես չէի համարձակվում այդ անել։ Ես մենակ արեցի հնարավոր ամեն բան, որպեսզի նրա թրթռացող հոգին չլքեր մարմինը։ Բայց շուտով պարզվեց, որ իմ ջանքերն ապարդյուն էին՝ աչքերի ու կոպերի գույնն անհայտացավ, թողնելով մարմարե մի ճերմակություն, շուրթերը կծկվեցին մահվան սոսկալի արտահայտությամբ, և ամբողջ մարմնով մեկ նողկալի ու կպչուն մի սառնություն տարածվեց՝ այն նորից փայտացավ։ Ես սահմռկելով ետ ընկա բազմոցին, որից այդքան անակնկալ վեր էի կացել ու դարձյալ անձնատուր եղա Լիգեյայի կերպարը գոյացնող կրքոտ երազներին։
Այդպես անցավ մի ամբողջ ժամ, երբ հանկարծ (հնարավո՞ր է արդյոք) նորից լսեցի անկողնուց եկող թույլ ձայնը։ Ես սարսափահար ականջ դրի. ձայնը կրկնվեց՝ այս անգամ դա մի հոգոց էր։ Ես նետվեցի դեպի դիակը և տեսա, այո, տեսա, թե ինչպես թրթռացին նրա շուրթերը։ Հաջորդ պահին նրանք իրարից հեռացան, բացելով մարգարտե ատամների փայլուն շարքը։ Այժմ զարմանքն իմ հոգում պայքարում էր սարսափի հետ, որը մինչ այդ այնտեղ մենակ էր իշխում։ Ես զգում էի, որ իմ աչքերը խամրում են, իսկ գիտակցությունը՝ պղտորվում, բայց, անասելի ճիգեր գործադրելով, ստիպեցի ինձ կատարել այն, ինչ ինձ կրկին թելադրում էր պարտքը։ Ռովենայի ճակատը, այտերն ու պարանոցը նորից գույն էին ստացել, իսկ մարմինը ջերմացել էր. ես նույնիսկ զգում էի սրտի հազիվ նշմարելի տրոփը։ Նա կենդանի էր։ Ես կրկնապատկված եռանդով սկսեցի նրան կյանքի բերել։ Ես շփում և թրջում էի նրա ափերն ու քունքերը, ես անում էի այն ամենը, ինչ հուշում էր ինձ իմ փորձն ու բժշկական գրականության քաջ ծանոթությունը։ Սակայն ամեն ինչ իզուր էր։ Հանկարծ վարդագույն երանգն անհետացավ, սիրտը կանգ առավ, շուրթերը նորից ծամածռվեցին, և ամբողջ մարմինը միանգամից սառեց, կապտեց, փայտացավ, ներս ընկավ և ընդհանրապես ստացավ դամբարանում բավական երկար մնացած դիակի տեսք։
Ես նորից տրվեցի Լիգեյային ոգեկոչող երազներին և նորից (զարմանալի չէ, որ ցնցվում եմ այս տողերը գրելիս), նորից