լսեցի սևափայտ անկողնուց եկող թույլ հոգոցը։ Կարիք կա՞ արդյոք նկարագրել այդ անպատմելի գիշերվա սարսափը։ Ինչ կարիք կա հապաղել ու պատմել, թե ինչպես, ընդհուպ մինչև գորշ լուսաբացը, կրկնվում էր այդ վերակենդանացման զարհուրելի տեսարանը, ամեն անգամ ընդհատվելով մի նոր, ավելի դաժան և թվում էր, թե անհաղթ մահվան գալուստով։ Թե ինչպես ամեն նոր հոգեվարքը մարմնավորում էր կյանքի և անտեսանելի չարիքի պայքարը, և ինչպես ամեն անգամ այդ պայքարն ավարտվում էր դիակի սոսկալի փոխակերպումով... Ավելի լավ է իսկույն անցնեմ ավարտին։
Այդ սոսկալի գիշերվա մեծ մասն արդեն անցել էր, երբ մեռած կինը նորից շարժվեց՝ ավելի ուժգին, քան առաջ, թեև նրա ոսկրացումը նախորդ անգամներից ավելի սարսռազդու էր։ Ես վաղուց արդեն հրաժարվել էի որևէ կերպ միջամտելու փորձերից և, անշարժ նստած, անձնատուր էի եղել բուռն զգացումների մի ամբողջ ոհմակի, որոնց թվում ծայրագույն սարսափը թերևս ամենից մեղմն էր։ Ինչպես ասացի, դիակը շարժվեց, և ավելի ուժգին, քան առաջ։ Նրա դեմքին նորից, այս անգամ ավելի բուռն, բացվեցին կյանքի գույները, նրա պիրկ մարմինը թուլացավ, և եթե չլինեին ծածկված կոպերն ու պատանքը, ես կկարծեի, որ Ռովենան վերջապես իսպառ թոթափել է մահվան կապանքները։ Եթե տվյալ պահին ես դեռ չէի ընդունել այդ միտքը, ապա կասկածի տեղ այլևս չմնաց, երբ պատանքով փաթաթված կերպարանքն անկողնուց ելավ և, աչքերը փակ, ասես քնի մեջ, երերուն քայլերով անցավ սենյակի կենտրոնը։
Ես չցնցվեցի և մնացի անշարժ, ես քարացել էի այն անճառելի տարակուսանքից, որն ինձ ներշնչել էր այդ կերպարանքի տեսքը, կեցվածքը և քայլվածքը։ Ես չէի շարժվում, բայց անվերջ նայում էի այդ տեսիլքին։ Մտքումս կատարյալ խառնաշփոթ էր տիրում՝ մի՞թե իմ առջև կանգնած էր կենդանի լեյդի Ռովենան։ Մի՞թե դա իսկապես Ռովենան էր, Թրեվանյոնի ոսկեհեր ու կապուտաչյա լեյդի Ռովենա Թրեմեյնը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի ես դրան չհավատայի։ Նրա կզակը պինդ կապված էր, բայց մի՞թե դա Թրեմեյնի կենդանացած տիկնոջ կզակը չէր կարող լինել։ Այտերին վարդեր էին ծաղկել, ճիշտ, ինչպես նրա կյանքի այգաբացին... Այո, իհարկե, դրանք կարող էին կենդանի Ռովենայի այտերը լինել։ Իսկ ծնոտի առողջ փոսիկնե՞րը, մի՞թե չէին կարող նրանը լինել... Բայց արդյո՞ք նա հիվանդության