Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանճի նման արագավազ նժույգի վրա և վարժեցնի զորագնդերին»:

Հայդուկը շտկեց իր բեղի ներքին ծալքը, և նրա աչքերը բոլորովին զվարթացան:

«Ի՞նչ մարդիկ են այս զինվորականները,– շարունակեց ջհուդը:— Օ՜հ, աստված իմ, ի՜նչ երևելի մարդիկ են: Ի՜նչ երիզներ, ի՜նչ վահանակներ… նրանք արևի նման շողշողում են։ Իսկ աղջիկները, երբ տեսնում են զինվորականներին… ա՜յ, ա՜յ, ա՜յ»: Ջհուդը նորից պտտեցրեց գլուխը:

Հայդուկը ձեռքով ոլորեց վերին բեղը և ատամների արանքով արձակեց մի ձայն, որ մի քիչ նման էր ձիու վրնջյունի:

«Խնդրում եմ, որ պանը մի շնորհ անի,— արտասանեց ջհուդը.— Ահա իշխանը, որ եկել է օտար երկրից, կամենում է կոզակներին տեսնել: Նա իր կյանքում դեռ չի տեսել, թե ինչ մարդիկ են կոզակները»:

Լեհաստանում սովորական երևույթ էր օտարերկրյա կոմսերի և իշխանների այցը. նրանց շատ հաճախ հրապուրում էր Եվրոպայի այդ գրեթե կեսասիական անկյունը տեսնելու հետաքրքրությունը: Մոսկովիան և Ուկրաինան նրանք գրեթե համարում էին Ասիայում գտնվող: Ուստի և հայդուկը, խոնարհ գլուխ տալուց հետո, պատշաճ համարեց իր կողմից մի քանի խոսք ևս ավելացնել:

«Ձերդ պայծառափայլություն,— ասաց նա,— ես չգիտեմ, թե ինչի՞ համար եք ուզում նրանց տեսնել: Նրանք մարդիկ չեն, այլ շներ։ Եվ նրանց հավատն էլ այնպիսին է, որ ոչ ոք չի հարգում»:

«Սուտ ես ասում, սատանի ծնունդ, ասաց Բուլբան, շունը ինքդ ես։ Դու ո՞նց ես համարձակվում ասել, թե մեր հավատը չեն հարգում։ Այդ ձեր հերձված հավատն է, որ չեն հարգում»:

«Է, հե՜,— ասաց հայդուկը.– բարեկամ, ես գիտեմ, թե դու ով ես, դու ինքդ նրանցից ես, որոնք ինձ մոտ արդեն նստած են: Սպասիր, ես մերոնց կանչեմ»:

Տարասը հասկացավ իր անզգուշությունը, բայց համառությունն ու զայրույթը նրան խանգարեցին սխալն ուղղելու միջոցը գտնել: Բարեբախտաբար նույն րոպեին Յանկելը կարողացավ մի ճար անել: