Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պայծառափայլ պան, այդ ինչպե՞ս կարելի է, որ կոմսը կոզակ լինի: Իսկ եթե նա կոզակ լիներ, որտեղի՞ց նա կարող էր գտնել այդպիսի զգեստ և ունենալ կոմսի կերպարանք»:

«Ու՞մ ես ուզում խաբել,— և հայդուկը բերանը լայն բացեց, որ կանչի յուրայիններին:

«Ձերդ արքայական մեծություն, լռեցե՛ք, լռեցե՜ք, ի սեր աստծո,— աղաղակեց Յանկելը։— Լսեցե՛ք, մենք դրա համար ձեզ այնքան փող կտանք, որ դուք երբեք չեք տեսել. մենք ձեզ երկու կարմիր ոսկի կտանք»:

«Հըմ, երկու ոսկի։ Երկու ոսկին ի՞նչ է ինձ համար։ Ես միայն սափրիչին եմ երկու ոսկի տալիս, որ մորուքիս կեսը խուզի։ Ջհուդ, ինձ հարյուր ոսկի տուր»։

Այդ խոսքի վրա հայդուկը ոլորեց վերին բեղը։

«Իսկ եթե հարյուր ոսկի չտաս, այս րոպեին կգոռամ»։

«Էյ ինչո՞ւ այդքան շատ»,- վշտագին ձայնով ասաց գունատված ջհուդը և բացեց իր կաշվե քսակի բերանը։ Բայց նա բախտավոր էր, որ քսակի մեջ ավելի չկար, իսկ հայդուկը հարյուրից բարձր հաշվել չգիտեր։

«Պան, պան, գնանք շուտով։ Տեսնում եք ինչ վատ մարդիկ են»,— ասաց Յանկելը, նկատելով, որ հայդուկը ձեռքում տնտղում է դրամը, կարծես ափսոսալով, որ ավելին չի պահանջել։

«Ի՞նչ է, սատանի հայդուկ,— ասաց Բուլբան,– փողերդ առար, իսկ ցույց տալ չե՞ս ուզում։ Ո՛չ, դու պիտի ցույց տաս: Եթե փողերն առար, դու այժմ իրավունք չունես մերժելու»։

«Կորեք գնացե՛ք, թե չէ այս րոպեիս իմաց կանեմ և ձեզ տեղնուտեղը… Ասում եմ շուտ քաշվե՛ք, հեռացե՛ք…»։

«Պան, պան, գնանք, աստված վկա, գնանք։ Թու՛, դրանց… Թող աստված դրանց գլխին քար ու կարկուտ թափի»,— գոչեց խեղճ Յանկելը։

Բուլբան դանդաղ, գլուխը խոնարհած շրջվեց և ետ դարձավ։ Յանկելը կշտամբում էր նրան, և իզուր կորցրած ոսկիների վիշտը կրծում էր նրան։

«Ի՞նչ պետք էր դիպչել։ Շունը հայհոյում էր, թող հայհոյեր։ Դրանք այնպիսի մարդիկ են, որ չեն կարող չհայհոյել։ Օ՛հ, աստված իմ, ինչպիսի բախտ ես շնորհում մարդկանց: