Հարյուր ոսկի միայն նրա համար, որ մեզ քշեց: Իսկ մեզ նմանի կավիքները կպատառոտեն, մռութը կջարդեն, այնպես որ նայել իսկ չի կարելի, և ոչ ոք հարյուր ոսկի չի տա: Օ՜ աստված իմ, ողորմած աստված»։
Բայց այդ անհաջողությունն ավելի շատ ազդել էր Բուլբայի վրա։ Նրա աչքերում այդ արտահայտվում էր որպես ամեն ինչ լափող հուր։
«Գնանք,- ասաց նա հանկարծ, կարծես թե իրեն թափահարելով,-գնանք հրապարակը։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են նրան տանջելու»։
«Օ՜հ, պան, ինչի՞ համար գնանք։ Դրանով հո չենք կարող օգնել»։
«Գնա՛նք»,- համառությամբ ասաց Բուլբան, և ջհուդը, դայակի նման հառաչելով, քարշ եկավ նրա հետևից։
Դժվար չէր գտնել այն հրապարակը, որտեղ պիտի կատարվեր մահվան պատիժը, ամեն կողքից ժողովուրդը թափվում էր այնտեղ։ Այն դարում այդ ամենագրավիչ տեսարաններից մեկն էր ոչ միայն ամբոխի, այլև բարձր դասերի համար։ Բազմաթիվ աղոթասեր պառավներ, բազմաթիվ երիտասարդ աղջիկներ և ամենավախկոտ կանայք, որոնք հետո ամբողջ գիշեր երազի մեջ տեսնում էին արյունաթաթախ դիակներ և քնատ բղավում էին այնքան բարձր, ինչպես կարող է բղավել միայն հարբած հուսարը,- նրանք բոլորն, այնուամենայնիվ, բաց չէին թողնում հետաքրքրությունը հագեցնելու առիթը։ «Ա՜խ, ինչ տանջանք է»,- հիստերիկ տենդով աղաղակում էին նրանցից շատերը, բայց և այնպես կանգնում էին երկար ժամանակ։ Ոմանք բերանները բաց, ձեռքերն առաջ պարզած, կկամենային թռչել մյուսների գլխի վրա, որպեսզի այնտեղից ավելի լավ տեսնեն։ Նեղ, փոքր և սովորական գլուխների բազմության միջից մսագործը դուրս էր ցցել իր չաղ դեմքը, գիտակի տեսքով դիտում էր ամբողջ գործողության ընթացքը և միավանկ բառերով խոսում էր զինագործ վարպետի հետ, որին անվանում էր սանահայր, որովհետև տոն օրերին նրա հետ միասին խմում էր գինետանը։ Ոմանք եռանդուն դատում էին, ուրիշները նույնիսկ գրազ էին բռնում, բայց մեծ մասը նրանք էին, որոնք ամրողջ աշխարհին և աշխարհում պատահած բոլոր դեպքերին նայում