են ոչ այլ կերպ, քան մատով իրենց քիթը փորելով։ Առաջին շարքում, հուսարների մոտ, որոնք կազմում էին քաղաքային պահնորդ զորքը, կանգնել էր մի երիտասարդ ազնվական և կամ ազնվականի նման մի երիտասարդ, զինվորական տարազով. նա հագել էր այն ամենը, ինչ ուներ, այնպես որ նրա բնակարանում մնացել էին միայն պատառոտված շապիկը հին կոշիկները։ Նրա վզից, մեկը մյուսի վրայից երկու շղթա կար կախված՝ մի դուկատի հետ։ Նա կանգնել էր իր սիրած աղջկա՝ Յուզիսյայի հետ և անդադար չորս կողմն էր նայում, որպեսզի որևէ մեկը չկեղտոտի աղջկա մետաքսյա զգեստը։ Նա ամեն ինչ հասկացնում էր իր սիրածին, այնպես որ որևէ բան ավելացնելն անկարելի էր. «Ահա այս, իմ հոգյակս, իմ Յուզիսյա,- ասում էր նա.- այս ամբողջ ժողովուրդը, որ տեսնում եք, հավաքվել է, որպեսզի տեսնի, թե ինչպես են հանցավորներին պատժելու։ Իսկ ա՛յ, այն մարդը, որ տեսնում եք, որը ձեռքին կացին և ուրիշ գործիքներ ունի, նա դահիճն է և նա է կտրելու նրանց գլուխը։ Եվ երբ սկսի անվահար անելով սպանել և այլ ուրիշ չարչարանքներ տալ, հանցագործը դեռ կենդանի կլինի, իսկ երբ գլուխը կտրեն, այն ժամանակ, հոգյակս, նա իսկույն ևեթ կմեռնի։ Սկզբում կգոռա և կշարժվի, բայց հենց որ գլուխը կտրեն, այն ժամանակ նա չի կարող ոչ գոռալ, ոչ ուտել և ոչ էլ խմել, որովհետև, հոգյակս, նա այլևս գլուխ չպիտի ունենա»։ Եվ Յուզիսյան այդ ամենը լսում էր հետաքրքրությամբ ու երկյուղով։ Տների կտուրները բռնված էին ժողովրդով։ Տանիքների վրա շինած պատուհաններից դուրս էին նայում զարմանալի, տարօրինակ դեմքեր՝ բեղերով և գլխաշորի նման բաներով։ Ազնվականները նստել էին պատշգամբներում, ամպհովանու տակ։ Ժպտացող և շաքարի նման շողացող պաննայի չքնաղ ձեռքը հանգչում էր պատշգամբի ճաղերին։ Պայծառափայլ պաները՝ բավական թանձրամարմին, նայում էին վեհ կերպարանքով։ Սպասավորը, փայլուն զարդարանքով, թևքերը վեր քաղած, հենց այդտեղ մատուցանում էր զանազան խմիչքներ և ուտելիք։ Սևաչյա չարաճճի մի աղջիկ հաճախ իր լուսեղեն ձեռքով առնում էր կարկանդակ կամ պտուղներ և շպրտում ժողովրդի կողմը։ Քաղցած ասպետները մեկնում էին իրենց գդակները, և մի որևէ բարձրահասակ ազնվական, որ
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/128
Արտաքին տեսք