Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հագել էր սևացած ոսկերիզ և խունացած կարմիր վերնազգեստ իր երկար ձեռքերով առաջինն էր բռնում, համբուրում էր ստացած որսը, սեղմում էր կրծքին և ապա բերանը տանում: Պատշգամբի տակ ոսկեզօծ վանդակում կախած բազեն ևս հանդիսատես էր, նա կտուցը կողքի վրա ծռած և մագիլը բարձրացրած նույնպես ուշադիր նայում էր ժողովրդին: Բայց ամբոխը հանկարծ աղմկեց, և ամեն կողմից ձայներ լսվեցին.

«Բերո՜ւմ են, կոզակներին բերո՜ւմ են»։

Նրանք գալիս էին գլխաբաց և երկար ցցունքներով։ Նրանք մորուք էին թողել։ Գալիս էին ո՛չ երկչոտ և ո՛չ մռայլ, այլ մի տեսակ անդորր հպարտությամբ, թանկագին մահուդից կարած նրանց զգեստները մաշվել և ծվեն-ծվեն կախվել էին, նրանք չէին նայում և չէին ողջունում ժողովրդին։ Ամենից առաջ գալիս էր Օստապը։

Ի՞նչ զգաց ծերունի Բալբան, երբ տեսավ իր Օստապին։ Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ նրա սրտում։ Ամբոխի միջից նա նայում էր նրան և նրա աչքից չէր վրիպում Օստապի և ոչ մի շարժումը։ Նրանք արդեն մոտեցան կառափնատեղին։ Օստապը կանգ առավ։ Առաջինը նրան էր վիճակված խմել այդ դառն բաժակը։ Նա նայեց յուրայիններին, ձեռքերը վեր բարձրացրեց և բարձրաձայն ասաց. «Տա՛ աստված, որ ինչքան հերետիկոսներ կան այստեղ, այդ անօրենները թող չլսեն, թե ինչպես է տանջվում քրիստոնյան, և թող մեզնից ոչ ոք և ոչ մի հառաչ չհանի»։ Ապա նա մոտեցավ կառափնարանին։

«Ճիշտ է, որդիս, ճիշտ է»,- մեղմ ասաց Բուլբան և ցած խոնարհեց ալեհեր գլուխը:

Դահիճը քաշեց և հանեց Օստապի ցնցոտիները, կապեցին նրա ձեռքերը և ոտքերը, դրին հատկապես պատրաստած մամուլի մեջ և… ընթերցողներին չհուզենք դժոխային տանջանքների նկարագրով, որից նրանց մազերը կցցվեին։ Այդ տանջանքներն այն բիրտ և դաժան դարի ծնունդն էին, երբ մարդը վարում էր դեռևս ռազմական քաջագործությունների արյունռուշտ կյանք և կոփվել էր այդ կյանքում ու չէր զգում մարդկայնություն։ Ոմանք՝ սակավաթիվ անձինք, որոնք այդ բիրտ դարում բացառություն էին, ոմանք իզուր էին հակառակում