Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ սարսափելի միջոցների դեմ։ Իզուր էին թագավորը և սակավաթիվ ասպետները, որոնք լուսավոր խելք և հոգի ունեին, իզուր էին նրանք կարծում, որ պատիժների այդպիսի խստությունը կարող է միայն բորբոքել կոզակների վրեժխնդրությունը։ Սակայն թագավորի և իմաստուն կարծիքների զորությունը ոչինչ էր անկարգության և պետական մագնատների անվեհեր կամքի առաջ, մագնատներ, որոնք իրենց անխոհեմությամբ, որևիցե հեռատեսության անըմբռնելի բացակայությամբ, երեխայական ինքնասիրությամբ և չնչին գոռոզությամբ սեյմը դարձրել էին վարչության երգիծանք։ Օստապը հսկայի նման դիմացավ տանջանքներին և չարչարանքներին։ Լսելի չեղավ ոչ մի աղաղակ և ոչ մի հառաչ նույնիսկ այն ժամանակ, երր սկսեցին կոտրատել ձեռքերի և ոտքերի ոսկորները, երբ ոսկորների սոսկալի ճարճատյունը լսեցին քարացած ամբոխի հեռավոր հանդիսականները, երր պաննաները երեսները դարձրին, նրա շրթունքներից չթռավ ոչինչ հառաչի նման, և նրա դեմքը չցնցվեց: Բազմության մեջ կանգնել էր Տարասը, գլուխը խոնարհած և միևնույն ժամանակ աչքերը հպարտությամբ վեր բարձրացրած, նա միայն խրախուսիչ ձայնով ասում էր. «Ճիշտ է, որդիս, ճիշտ է»։

Բայց երբ հասան մահվան վերջին տանջանքները, թվաց, թե սկսեց տեղի տալ նրա ուժը։ Եվ նա աչքերը չորս կողմը դարձրեց, աստված իմ, բոլորին անծանոթ և բոլորն ոտար մարդիկ էին։ Թեկուզ իր մտերիմներից մեկը նրա մահվան ժամին ներկա չլիներ։ Նա չէր կամենա լսել իր խեղճ մոր հեկեկալը և կոծելը և կամ խելագար ողբը իր կնոջ, որ փետում էր մազերը և ծեծում սպիտակ կուրծքը, նա այժմ կկամենար տեսնել արիասիրտ մի տղամարդու, որ իմաստուն խոսքով սիրտ տար նրան և մխիթարեր մահվան ժամին։ Եվ թուլացավ նրա ուժը, և նա հոգեկան անզորությամբ աղաղակեց.

«Որտե՞ղ ես, բատկո, լսո՞ւմ ես դու»։

«Լսո՛ւմ եմ»,- հնչեց համատարած լռության մեջ, և միլիոնավոր ժողովուրդը միաժամանակ ցնցվեց։ Ձիավոր զորականների մի մասը վրա վազեց, որ ուշադիր զննի ժողովրդի բազմությունը. Յանկելը գունատվեց, մեռելի գույն ընդունեց,