էին կյանքը, և կյանքն իր սանձարձակ զվարճությամբ, որ այստեղ էին նրանք, որոնք ըստ ազնիվ սովորության չէին կարողանում իրենց գրպանի մեջ կոպեկ պահել, որ այստեղ էին նրանք, որոնք մինչ այդ ոսկին հարստություն էին համարում, և որոնց գրպանները, շնորհիվ ջհուդ վարձակալների, կարելի էր շուռ տալ առանց երկյուղի, թե կընկնի մի որևէ բան։ Այստեղ էին բոլոր բուրսակները, որոնք չէին դիմացել ճեմարանի ճիպոտներին և դպրոցից իրենց հետ չէին տարել ոչ մի «այբի» կտոր։ Բայց միաժամանակ այստեղ կային և այնպիսիները, որոնք գիտեին, թե ինչ ասել է Հորացիոս, Կիկերոն և հռոմեական հանրապետություն: Այստեղ շատ էին այն սպաները, որոնք հետո աչքի էին ընկնում թագավորական զորքերի մեջ։ Այստեղ կային բազմաթիվ մարզված և փորձառու պարտիզաններ, որոնք ազնիվ համոզմունքով մտածում էին, թե միևնույն է որտեղ կռվել, միայն թե կռվել, որովհետև ազնիվ մարդուն անվայել է առանց կռվի մնալ։ Շատ էին և նրանք, որոնք եկել էին Սեչ, որպեսզի հետո ասեն, թե եղել են Սեչում և արդեն քաջամուխ ասպետներ էին։ Բայց ո՞վ ասես, որ չկար։ Այդ տարօրինակ հանրապետությունը հենց այն դարի պահանջն էր։ Ռազմական կյանքը, ոսկե թասերի, թանկագին կերպասների, դուկատների և ռեալների սիրահարներն ամեն ժամանակ այստեղ կարող էին գործ գտնել։ Միայն կանանց երկրպագուները ոչինչ չէին գտնի այստեղ, որովհետև ոչ մի կին չէր հանդգնի երևալ նույնիսկ Սեչի արվարձանում։
Օստապի և Անդրիի համար տարօրինակ էր, որ նրանց ներկայությամբ ահագին բազմություն էր գալիս Սեչ, և ոչ ոք չէր հարցնում, թե ովքե՞ր են նրանք, ո՞րտեղից են և ի՞նչ է նրանց անունը։ Նրանք գալիս էին այստեղ, կարծես թե վերադառնում էին սեփական տունը, որտեղից միայն մի ժամ առաջ էին դուրս եկել։ Եկողը ներկայանում էր միայն կոշևոյին, որը սովորաբար ասում էր. «Բարով եկար, հավատո՞ւմ ես Քրիստոսին»։ — «Հավատում եմ», — ասում էր եկողը։ «Սուրբ երրորդությա՞ն էլ ես հավատում»։ — «Հավատում եմ»։ — «Եկեղեցի էլ գնո՞ւմ ես»։ — «Գնում եմ»։ «Դե՛, խաչակնքիր»։ Եկողը երեսին խաչակնքում էր։ «Դե՛ լավ»,— պատասխանում էր կոշևոյը. «Գնա, որ կուրենը կուզես»։ Դրանով