Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ վերջանում էր ամբողջ ծեսը։ Եվ ողջ Սեչն աղոթում էր մի եկեղեցում և պատրաստ էր այդ եկեղեցին պաշտպանել մինչև արյան վերջին կաթիլը, թեև պասի և ծոմի անունը լսել անգամ չէր ուզում։ Միայն սաստիկ շահամոլությունից դրդված ջհուդները, հայերը և թաթարներն էին հանդգնում ապրել և առևտուր անել արվարձանում, որովհետև զապորոժցիները երբեք չէին սիրում սակարկել, այլ վճարում էին այնքան, որքան նրանց ձեռքը գրպանից փող կհաներ։ Ի դեպ, այդ շահամոլ չարչիների վիճակը շատ թշվառ էր։ Նրանք նման էին նրանց, որոնք բնակություն էին հաստատել Վեզուվ լեռան ստորոտում, որովհետև երբ վերջանում էր զապորոժցիների փողը, այն ժամանակ կտրիճները ջարդում էին նրանց խանութները և միշտ վերցնում առանց փողի։ Սեչն ուներ վաթսունից ավելի կուրեն, որոնք շատ նման էին առանձին և անկախ հանրապետությունների, բայց առավել ևս նման էին դպրոցի և բուրսայի, որտեղ երեխաները գիշերօթիկ էին։ Ոչ ոք ոչինչ ձեռք չէր բերում և իր մոտ չէր պահում, ամեն ինչ կուրենի ատամանի մոտ էր, որը դրա համար էլ սովորաբար կոչվում էր բատկո։ Նրա մոտ էին պահվում դրամները, շորերը, ուտելիքը, խավիծը, շիլան և նույնիսկ վառելիքը. նրան էին պահ տալիս դրամը։ Հաճախ կուրենը կուրենի հետ վեճի էր բռնվում. այդ դեպքում բանն իսկույն հասնում էր տուրուդմփոցի։ Կուրենները թափվում էին հրապարակը և բռունցքներով փշրում էին իրար կողերը, մինչև որ մի կողմը չզոռեր և չհաղթեր, որից հետո սկսվում էր քեֆը։ Ահա այդպես էր այն Սեչը, որ երիտասարդների համար այնքան շատ հրապույր ուներ։

Օստապը և Անդրին երիտասարդական հախուռն թափով նետվեցին զվարճության այդ ծովը և իսկույն մոռացան հայրական տունը, բուրսան և այն ամենը, ինչ որ առաջ հուզում էր նրանց հոգին, և հանձնվեցին նոր կյանքին։ Ամեն ինչ գրավում էր նրանց՝ Սեչի զվարճասեր բարքերը և պարզ վարչությունն ու օրենքները, որոնք այդպիսի ինքնագլուխ հանրապետության մեջ նրանց թվում էին երբեմն նույնիսկ չափազանց խիստ։ Եթե կոզակը գողություն էր անում, գողանում էր մի չնչին բան, այդ արդեն համարվում էր անարգանք ողջ կոզակության համար. նրան, իբրև խայտառակի, կապում էին