գետնի վրա փռված, խռմփացնում էր ամբողջ դաշտով։ Նա մի ձեռքով բռնեց պարկը և հանկարծ քաշեց, այնպես որ Օստապի գլուխն ընկավ գետնին, և նա քնաթաթախ վեր թռավ և աչքերը փակ նստելով, ամբողջ ուժով գոռաց. «Բռնե՛ք, բռնե՛ք սատանի ձագ լեհին․․․ բռնե՛ք, ձիուն բռնե՛ք․․․»: «Լռի՛ր, քեզ կսպանեմ», — ահից բղավեց Անդրին, նրա վրա բարձրացնելով հացի պարկը։ Սակայն Օստապն առանց այդ էլ արդեն խոսքը չշարունակեց, հանդարտվեց և այնպես խռմփաց, որ նրա շնչառությունից օրորվեցին կողքի խոտերը։ Անդրին վեհերոտ նայեց չորս կողմը, որպեսզի տեսնի, թե կոզակներից որևէ մեկին չի՞ արթնացրել Օստապի քնատ զառանցանքը։ Ճիշտ որ ցցունքով մի գլուխ մոտակա կուրենում գետնից բարձրացավ, աչքերը ման ածեց և նորից գետին խոնարհվեց։ Երկու րոպե սպասելով, նա վերջապես ճանապարհ ընկավ՝ բեռը շալակին։ Թաթարուհին պառկել և հազիվ էր շնչում։ «Վե՛ր կաց, գնանք։ Բոլորը քնած են, մի՛ վախենա։ Կարո՞ղ ես դու այս հացերից մեկը վերցնել, եթե ես չկարենամ բոլորը շալակել»։ Այս ասելով նա շալակեց պարկերը, մի սայլի մոտով անցնելիս դուրս քաշեց նաև մի պարկ կորեկ, ձեռքն առավ նույնիսկ այն հացերը, որ ուզում էր հանձնել թաթարուհուն և ծանրության տակ մի քիչ կքած, խիզախությամբ անցավ քնած զապորոժցիների շարքերի միջով։
«Անդրի՛»,— ասաց ծերունի Բուլբան այն պահին, երբ նա անցավ նրա մոտով։ Նրա սիրտը քարացավ։ Նա կանգ առավ և ամբողջովին դողալով, հեզիկ արտասանեց.
«Ի՞նչ է»։
«Քեզ հետ կնիկարմատ կա։ Աստված վկա, վեր կկենամ, կողքաճաղերդ կփշրեմ։ Կնիկարմատը քեզ լավ օրի չի հասցնի»։ Այդ ասելով, նա գլուխը հենեց արմունկին և սկսեց ուշի-ուշով դիտել շղարշի մեջ փաթաթված թաթարուհուն։
Անդրին կանգնել էր կիսակենդան, չհամարձակվելով նայել հոր դեմքին։ Եվ ապա, երբ աչքերը բարձրացրեց և նայեց հորը, նա տեսավ, որ ծերունի Բուլբան արդեն քնել էր, գլուխը ձեռքի ափի մեջ։
Նա խաչակնքեց։ Հանկարծ նրա սրտից ահը չքացավ ավելի արագ, քան պատել էր։ Իսկ երբ նա շրջվեց, որ նայի թաթարուհուն, նա արդեն նրա առջևն էր, ինչպես գրանիտի խավար