Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես տխուր ծունկ էին չոքել։ Բեմի վրա գույնզգույն ապակիներով լուսամուտները շառագունել էին վաղորդայնի վարդագույն կարմիրով, և հատակի վրա ընկել էին կապույտ, դեղին և այլ գույնի լույսի բոլորակներ, որոնք անակնկալ լուսավորեցին խավար եկեղեցին։ Հեռավոր խորության մեջ ողջ բեմը հանկարծ փայլեց, բուրվառի ծուխն օդի մեջ կանգնեց, ինչպես ծիածանով լուսավորված ամպ։ Անդրին իր խավար անկյունից հիացմունքով էր նայում այն հրաշքին, որ կատարեց լույսը։ Այդ ժամանակ երգեհոնի վեհասքանչ շառաչը հանկարծ լցրեց ամբողջ եկեղեցին, նա հետզհետե դարձավ ավելի թանձր և թավ, հզորացավ, դարձավ որոտի ծանր թնդյուններ և ապա միանգամից փոխվելով երկնային երաժշտության, սլացավ կամարներից բարձր՝ իր երգեցիկ հնչյուններով, որոնք հիշեցնում էին աղջկային բարակ ձայներ, և ապա նորից դարձավ թանձր շառաչ ու որոտ և լռեց։ Եվ դեռ երկար-երկար հնչում էին որոտի թնդյունները, դողում էին կամարների տակ, և Անդրին՝ բերանը կիսաբաց, զարմացել էր այդ մեծասքանչ նվագից։ Այդ ժամանակ նա զգաց, որ մեկը քաշեց իր կաֆտանի փեշից։ «Ժամանակն է», — ասաց թաթարուհին։ Նրանք աննկատելի կերպով անցան եկեղեցու միջով և ապա դուրս եկան հրապարակը, որ եկեղեցու առջևն էր։ Վաղուց արդեն շառագունել էր արշալույսը. ամեն ինչ ազդարարում էր արևի ծագելը։ Հրապարակը, որ քառակուսի ձև ուներ, իսպառ ամայի էր. մեջտեղը դեռ մնում էին փայտյա երկու սեղան, որ վկայում էին, թե գուցե դեռ մի շաբաթ առաջ այստեղ եղել է ուտելեղենի շուկան։ Փողոցը, որ չէին սալահատակում այն ժամանակ, նման էր չորացած ցեխի կույտերի։ Չորս կողմից հրապարակը շրջապատել էին քարե ցածր և կավե միհարկանի տներ, որոնց պատերի մեջ երևում էին փայտե ցցեր ու սյուներ՝ պատի ամբողջ բարձրությամբ, որոնք խաչաձև կապված էին դարձյալ փայտե կապերով, ինչպես առհասարակ կառուցում էին այն ժամանակի բնիկները, մի ձև, որ դեռ այժմ էլ կարելի է տեսնել Լիտվայի և Լեհաստանի մի քանի վայրերում։ Բոլոր տները ծածկված էին չափազանց բարձր կտուրներով, որոնք ունեին պատուհաններ ու ծխաններ։ Մի կողմին, համարյա եկեղեցու մոտ, մյուս տներից բարձր երևում էր մի շինություն՝ մյուսներից տարբեր, որ