Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջիկը թաշկինակը դեն նետեց, մի կողմ շրջեց աչքերի վրա կախված ծամի երկար մազերը և հորդեց խղճալի խոսքեր՝ արտասանելով մեղմ ու մարմանդ ձայնով, ինչպես չքնաղ երեկոյի քամին, երբ հանկարծ սուրում է եղեգնուտի թանձր թավուտի վրայով, ու հանկարծ սոսափում են, զրնգում ու սլանում են սիրտ մաշող բարակ ձայները, որոնց որսում է անըմբռնելի վշտով կանգ առած ուղևորը և չի զգում ո՛չ հանգչող երեկոն, ո՛չ դաշտային աշխատանքներից ու հնձած արտերից վերադարձող մարդկանց ուրախ երգերը և ոչ էլ ինչ-որ տեղով անցնող սայլակի հեռավոր դղրդոցը:

«Արժանի չե՞մ արդյոք հավիտենական աղերսանքի: Դժբախտ չէ՞ իմ մայրը, որ ինձ բերել է աշխարհ։ Ինձ բաժին չի՞ ընկել արդյոք դառն վիճակ, և ո՜վ իմ ամեհի բախտ, արդյոք դու իմ արյունարբու դահիճը չե՞ս։ Դու ամենքին բերիր իմ ոտքերի առաջ. ողջ ազնվականության ամենատոհմիկ ներկայացուցիչներին, ամենահարուստ պաներին, կոմսերին և օտարերկրյա բարոններին ու մեր ամբողջ ասպետության ծաղիկը: Նրանք բոլորն ազատ, համարձակ կարող էին սիրել ինձ, և նրանցից յուրաքանչյուրը մեծ բարիք կհամարեր այդ։ Հերիք էր միայն, որ ես ձեռքով անեի, և նրանցից որևէ մեկը, ամենագեղեցիկը, դեմքով ու ցեղով գեղեցկագույնը, կդառնար իմ ամուսինը։ Նրանցից ոչ մեկը չգերեց իմ սիրտը. ո՜վ դաժան բախտ, այնպես արիր, որ մեր երկրի իշխաններց որևէ մեկի փոխարեն իմ սիրտը գերեց օտարականը և մեր թշնամին։ Ո՜վ սուրբ տիրամայր, ինչի՞ համար, ո՞ր մեղքերի և ո՞ր ծանր հանցանքների համար ես այդքան անողոք և անխնա հալածում դու ինձ։ Իմ օրերը սահել են լիության և ամենայն ինչի առատության մեջ. ես ունեցել եմ ամենաթանկագին խորտիկներ և քաղցր գինիներ։ Եվ ինչի՞ համար էր այդ բոլորը, ինչի՞ էր պետք, նրա համա՞ր, որ վերջի վերջո մեռնենք սոսկալի մահով, ինչպես չի մեռնում թագավորության մեջ վերջին մուրացիկը։ Եվ քիչ է, որ ես դատապարտված եմ այդպիսի սարսափելի վիճակի, քիչ է, որ իմ վախճանից առաջ ես պիտի տեսնեմ, թե ինպիսի անտանելի տանջանքներով մեռնում են իմ հայրն ու մայրը, որոնց փրկության համար քսան անգամ պատրաստ էի զոհելու իմ կյանքը, — այդ բոլորը դեռ քիչ է. հարկավոր է, որ իմ վախճանից