Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ ես տեսնեմ ու լսեմ բառեր և սեր, որպիսին ես չեմ տեսել։ Հարկավոր է, որ նա իր խոսքերով իմ սիրտը կտոր-կտոր անի, որ իմ դառն վիճակն ավելի դառնանա, որպեսզի իմ աչքին ավելի ողորմելի լինի իմ մատաղ կյանքը, որ ինձ ավելի սարսափելի թվա իմ մահը և որպեսզի մեռնելու ժամանակ նախատեմ քեզ, ո՛վ իմ դաժան բախտ, և քե՛զ, ներիր իմ մեղքը, սուրբ տիրամայր»։

Եվ, երբ նա հանդարտվեց, նրա դեմքի վրա ցոլաց անհուսալի զգացումը. նրա յուրաքանչյուր դիմագիծը, և ամեն ինչ` տխուր թեքած ճակատից ու վայր խոնարհած աչքերից մինչև արցունքները, որ սառել ու ցամաքել էին աղջկա մեղմ բոցկլտացող այտերի վրա, նրա յուրաքանչյուր դիմադիծը խոսում էր, նվում վշտով և ամեն ինչ կարծես ասում էր. «Այս դեմքի վրա բախտ չկա»։

«Աշխարհում լսված չի, անկարելի է, այդ չի՛ լինի, – ասաց Անդրին,— որ կանանցից լավագույնը և ամենագեղեցիկը կրի այդպիսի դառն վիճակ, երբ ծնվել է, որպեսզի նրա առջև, ինչպես սրբության, ծունկ խոնարհեն այն ամենը, ինչ լավ է աշխարհիս երեսին։ Ո՛չ, դու չես մեռնի, դո՛ւ չես մեռնելու, երդվում եմ իմ ծնունդով և ամեն ինչով, ինչ թանկ է ինձ համար աշխարհում։ Երդվում եմ, որ դու չես մեռնի։ Իսկ եթե պատահի այդ, եթե ո՛չ մի կերպ, ո՛չ ուժով, ո՛չ աղոթքով և ո՛չ արիությամբ կարելի չլինի ետ մղել այդ դառն վիճակը, այն ժամանակ մենք միասին կմեռնենք, և առաջ ե՛ս կմեռնեմ, կմեռնեմ քո առջև, քո չքնաղ ծնկների մոտ, և արդեն մեռած գուցե թե ինձ քեզնից անջատեն»։

«Ասպետ, մի՛ խաբիր ո՛չ քեզ, ո՛չ ինձ, — ասաց նա, հանդարտ օրորելով իր գեղեցիկ գլուխը․․․ – գիտեմ, և ի մեծ վիշտ ինձ, շատ լավ գիտեմ, որ դու չես կարող չսիրել ինձ, և գիտեմ, թե դու ինչ ուխտ և պարտականություն ունես, քեզ կանչում են քո հայրը, ընկերներդ և քո հայրենիքը, իսկ մենք քեզ թշնամի ենք»։

«Ինչի՞ս են պետք հայրը, ընկերները և հայրենիքը, — ասաց Անդրին, գլուխը կայտառ ցնցելով և ուղղելով իր ձիգ իրանը, ինչպես գետափի սև կաղամախին։ — Թե որ այդպես է, ահա թե ինչ. ես ո՛չ ոք չունեմ, ո՛չ ոք, ո՛չ ոք», — կրկնեց նա նույն ձայնով և ձեռքի նույն շարժումով, որով համառ