Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անհաղթահարելի կոզակն արտահայտում է իր վճռականությունն ուրիշի համար անհնար և չլսված գործի մասին։ «Ո՞վ է ասել, որ իմ հայրենիքն Ուկրաինան է, ո՞վ է նրան ինձ հայրենիք դարձրել։ Հայրենիքը նա է, որին փնտրում է մեր հոգին, որ ամենասիրելին է մեր հոգու համար։ Իմ հայրենիքը դո՛ւ ես։ Ահա՛ իմ հայրենիքը։ Եվ այս հայրենիքը ես կպահեմ իմ սրտի մեջ, կպահեմ մինչև հնչի իմ ժամը և տեսնեմ, թե ինչպես կոզակներից որևէ մեկը նրան կհանի իմ սրտից։ Եվ ինչ որ ունեմ-չունեմ՝ կծախեմ, կտամ, կխորտակեմ այդպիսի հայրենիքի համար»:

Մի ակնթարթ քարացած, ինչպես չքնաղ արձան, աղջիկը նայեց նրա աչքերին և հանկարծ հեկեկաց և կանացի սքանչելի թափով, որին ընդունակ է միայն մեծահոգի և անկշռադատ կինը, որ ստեղծված է սրտի չնաշխարհիկ շարժման համար, — աղջիկը փաթաթվեց Անդրիի պարանոցին, գրկելով նրան յուր ձյունանման չքնաղ ձեռքերով և հեկեկաց։ Այդ ժամանակ փողոցում լսվեց անորոշ աղմուկ, որին համընթաց էին փողերի և ծնծղաների ձայներ։ Բայց Անդրին չէր լսում, նա միայն զգում էր, թե ինչպես աղջկա հրաշագեղ բերանից ելնում էր նրա շնչառության անուշաբույր ջերմությունը, թե ինչպես արցունքները վտակներով թափվում էին Անդրիի դեմքի վրա, և գլխից թափված նրա բուրավետ մազերն իրենց մուգ և շողշողուն մետաքսով պատում էին նրան։

Այդ ժամանակ ուրախ աղաղակով ներս վազեց թաթարուհին. «Փրկված ենք, փրկված ենք․․․», բղավեց նա, խելքը կորցրած։ «Մերոնք քաղաք են մտել, բերել են հաց, կորեկ, ալյուր և կապոտած զապորոժցիների»։

Բայց նրանցից ոչ ոք չլսեց, թե այդ ինչ «մերոնք» էին քաղաք մտել և ինչ էին բերել և ինչ զապորոժցիների էին կապոտել։ Անդրին, լցված այն զգացումներով, որ անճաշակելի են այս երկրում, համբուրում էր այդ բուրավետ շրթունքները, որոնք հպել էին նրա այտին, և անպատասխան չէին բուրավետ շրթունքները։ Նրանք արձագանք տվին նույն ձևով, և այդ երկուստեք միացած համբույրի մեջ զգացվում էր այն, ինչ մարդ իր կյանքում զգում է միայն մի անգամ։

Եվ կոզակը խորտակվեց, կորավ կոզակային ողջ ասպետության համար։ Այլևս նա չի տեսնի ո՛չ Զապորոժիեն, ո՛չ