Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվայել է, և՛ կոզակի բանը չի։ Իսկ բանին նայած՝ թշնամին քաղաք է մտել թեթև պաշարով. կարծեմ որ նրանց հետ քիչ սայլեր կային, քաղաքում ժողովուրդը քաղցած է, ուրեմն բոլորը մի շնչում կուտեն, իսկ ձիերին էլ խոտ է պետք․․․ Ես չգիտեմ, գուցե նրանց սրբերից մեկը երկնքից մի խուրձ խոտ գցի, այդ արդեն աստծո բանն է. իսկ նրանց հոգևորականները խոսքով զորեղ են։ Խոտի, թե մի այլ բանի համար, պարզ է, որ նրանք անպատճառ քաղաքից պիտի դուրս գան։ Բաժանվեցեք երեք խմբի և գրավեցեք երեք դարբասներից դուրս եկող երեք ճանապարհները։ Գլխավոր դարբասի առաջ հինգ կուրեն, մնացածների առաջ երեք-երեք։ Դյադկիվի և Կորսունի կուրենները թող դարան մտնեն. գնդապետ Տարասն իր գնդով նույնպես թող դարան մտնի. Տիտարևի և Տիմոշևի կուրենները կանգնում են պահեստի գումակի աջ կողմից, Շչերբինովի և Ստեբլիկիվի վերին կուրենը՝ ձախ կողմից։ Շարքերից թող դուրս գան կտրիճները, որոնք լեզվանի են, և թող ջգրացնեն թշնամուն։ Լեհը խելապակաս բնավորություն ունի, չի դիմանում հայհոյանքի և կարող է, որ այսօր ևեթ նրանք բոլորը դուրս գան դարբասներից։ Կուրենի ատամաննե՛ր, ձեզնից ամեն մեկը թող լավ նայի իր կուրենին. ով մի բանի պակաս ունի, թող լրացնի Պերեյասլավյան կուրենի մնացորդներից։ Ամեն ինչ նորից զննեք։ Զգաստանալու համար յուրաքանչյուր կոզակին տալ մի թաս արաղ և մի հաց։ Բայց երևի արդեն բոլորը երեկվա կերածով կուշտ են, որովհետև, ի՞նչ թաքցնեմ, բոլորն այնպես են լափել, որ զարմանում եմ, թե ինչո՞ւ գիշերս մեկնումեկը չտրաքվեց։ Հա, մի հրահանգ ևս. եթե որևէ մեկը, մի որևէ ջհուդ օղի ծախող կվաճառի կոզակին թեկուզ մի կաթ արաղ, ես նրա ճակատին կմեխեմ խոզի ականջը և այդ շանը գլխի վրա կկախեմ։ Դե՛, եղբայրնե՛ր, աշխատանքի, աշխատանքի անցեք»։

Այդպես տնօրինեց կոշևոյը, և բոլորը մինչև գոտկատեղը գլուխ տվին նրան, և առանց գլխարկները ծածկելու գնացին դեպի իրենց սայլերն ու բանակատեղերը և, երբ բավական հեռացան, միայն այդ ժամանակ գլխարկները հագան։ Ամենքն սկսեցին զինավորվել. փորձում էին թրերն ու դաշույնները, վառոդամանների մեջ պարկերից վառոդ էին լցնում, սայլերը սարքում ու շարում էին և ջոկում էին ձիերը։