Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տարասը, ուղևորվելով դեպի իր զորագունդը, մտածում էր և չէր կարողանում պարզել, թե ո՞ւր կարող էր չքանալ Անդրին. ուրիշների հետ նրա՞ն ևս գերի էին տարել քնած ժամանակ կապոտելով։ Բայց ո՛չ. Անդրին այդպիսի պտուղ չէր, որ ողջ-ողջ գերի ընկներ։ Սպանված կոզակների մեջ ևս նա չկար։ Խոր մտածմունքի մեջ ընկավ Տարասը և գնում էր զորագնդի առաջ ու չէր լսում, որ մեկը վաղուց արդեն կանչում էր իր անունը։

«Ո՞վ է ինձ կանչում», — վերջապես սթափվելով ասաց նա։ Նրա առջև կանգնել էր ջհուդ Յանկելը։

«Պան գնդապետ, պան գնդապետ,— ասաց ջհուդը շտապ և ընդհատ ձայնով, կարծես թե կամենում էր մի շատ կարևոր բան ասել։ — Պան գնդապետ, ես եղել եմ քաղաքում»։

Տարասը նայեց ջհուդին և զարմացավ, որ նա արդեն կարողացել է քաղաքում լինել։

«Ո՞ր քամին քեզ տարավ այնտեղ»։

«Ես իսկույն կպատմեմ, — ասաց Յանկելը։ — Հենց որ արշալույսի մոտ աղմուկ լսեցի, և կոզակներն սկսեցին կրակել, ես առա իմ կաֆտանը և առանց հագնելու վազեցի այն կողմը և ճանապարհին միայն թևերը հագա, որովհետև ուզում էին իսկույն իմանալ, թե այդ ինչ աղմուկ է, ինչի համար կոզակները վաղ արշալույսին սկսեցին կրակել։ Ես վազեցի ուղղակի դեպի քաղաքային դարբասները և հասա այն ժամանակ, երբ զորքի վերջին մասը քաղաք էր մտնում։ Տեսնեմ զորամասի առջևից գնում է ինքը՝ պան խորունժի Գալյանդովիչը։ Նա իմ ծանոթն է, դեռ երեք տարի առաջ ինձնից հարյուր ոսկի պարտք էր առել։ Ես նրա հետևից գնացի, իբրև թե եկել եմ, որ պարտքս ուզեմ, և նրա հետ միասին մտա քաղաք»։

«Ո՞նց թե. համ քաղաք մտար, համ էլ պարտքդ էիր ուզո՞ւմ, — ասաց Բուլբան։— Եվ նա չհրամայե՞ց, որ քեզ տեղնուտեղը շան նման կախեն»։

«Ճիշտ որ, աստված վկա, ուզում էր կախել, — պատասխանեց ջհուդը. — նրա ծառաներն ինձ արդեն բռնել էին և պարանը հագցնում էին վզիս, բայց պանին, ասացի, որ կսպասեմ այնքան, ինչքան պանը կամենում է, և խոստացա նորից պարտք տալ, եթե նա ինձ օգնի