Եվ կոզակները այնպես էլ չասացին, թե ինչպես «կանի որ»…
«Ե՛տ քաշվեք, իսկույն պարիսպներից ետ քաշվեք»,— գոռաց կոշևոյը, որովհետև լեհացիք, ինչպես երևաց, չդիմացան կծու խոսքին, և գնդապետը ձեռքով նշան արեց։
Կոզակները նոր էին ետ քաշվել, երբ պարսպի գլխից տեղաց կարտեչը։ Պատնեշի վրա իրար անցան, և ձիու վրա երևաց ինքը՝ ծերունի վոևոդը։ Դարբասները բացվեցին, և զորքը դուրս եկավ։ Ամենից առաջ ձիերի հավասար շարքերով ելան շքեղ հագնված հուսարները, նրանց հետևից՝ օղազրահայինները, ապա զրահազգեստ և նիզակավոր զինվորները, ապա ուրիշները, որոնք ունեին պղնձե սաղավարտներ, և ապա առանձին խմբով ազատանիները, որոնցից յուրաքանչյուրը հագնվել էր ըստ ճաշակի։ Հպարտ ազատանիները չէին կամենում խառնվել ուրիշների շարքերին, և նրանցից ով իր զորախումբը չուներ, գնում էր իր սպասավորների հետ։ Ապա նորից գալիս էին շարքերը, որոնց հետևից դուրս եկավ խորունժին, նրանցից հետո նորից շարքեր, և դուրս եկավ հաղթամարմին գնդապետը, իսկ ամբողջ զորքից հետո վերջինը դուրս եկավ կարճահասակ գնդապետը։
«Մի՛ թողնեք, մի՛ թողնեք, որ նրանք շարվեն և շարքեր կազմեն,— գոռաց կոշևոյը։— Միանգամից բոլոր կուրեններով քշեք նրանց վրա։ Թողե՛ք մյուս դարբասները։ Տիտարևի կուրեն, հարձակվի՛ր կողքից, Դյադկիվի կուրեն՝ հարձակվիր մյուս կողմից։ Կուկուբենկո և Պալիվոդա, հուպ տվեք թիկունքից։ Խառնեք, խառնե՛ք և բաժանեք նրանց»։
Եվ ամեն կողմից զարկեցին կոզակները, շեղեցին և շփոթեցին նրանց, և իրենք էլ խառնվեցին։ Չթողեցին, որ նույնիսկ հրացան արձակեն. բանը հասավ թրերի ու նիզակների։ Բոլորը խմբվեցին, և յուրաքանչյուրին առիթ եղավ ցույց տալու իրեն։ Դեմիդ Պոպովիչը նիզակահար արեց երեք հասարակի և երկու անվանի ազատանիների ձիուց գցեց, բղավելով. «Ա՜յ լավ ձիեր, ես վաղուց էի ուզում այսպիսի ձիեր ձեռք բերել»։ Եվ ձիերը հեռու քշեց դեպի դաշտը, սպասող կոզակներին գոռալով, որպեսզի նրանք ձիերը պահեն։ Ապա նորից մտավ բազմության մեջ, նորից հարձակվեց ձիերից վայր ընկած ազատանիների վրա, մեկին սպանեց, իսկ մյուսի