Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վզին հագցրեց օղապարանը, պարանը կապեց իր թամբից և ազատանուն քարշ տվեց ողջ դաշտով, նրա մեջքից արձակելով թանկագին կոթով թուրը և առնելով ոսկով լիքը մի քսակ, որ ազատանին կապել էր գոտուց։ Կոբիտան, որ դեռ երիտասարդ և քաջ կոզակ էր, նույնպես բռնվեց լեհական զորքի քաջարիներից մեկի հետ, և նրանք երկար ժամանակ կռվեցին։ Նրանք արդեն բռնցքակռվի էին անցել, և կոզակն ահա պիտի հաղթեր նրան, և մեջքի վրա կռացնելով, տաճկական սուր դանակով զարկեց նրա կրծքին, բայց ինքը ևս չազատվեց, մի շիկացած գնդակ հենց տեղնուտեղը տրաքեց նրա քունքին։ Նրան գետին գլորեց պաներից մեծազարմը, գեղեցկագույնը, իշխանական մի հին տոհմի ասպետ։ Իր բաց գույնի նժույգի վրա սլանում էր նա, ինչպես ճկուն բարդի։ Եվ նա արդեն ցույց էր տվել բոյարի դյուցազնական բազում խիզախություն. մեջտեղից կիսել էր երկու զապորոժցիների, Ֆեոդոր Կորժին, որ քաջ կոզակ էր, վայր էր գլորել ձիու հետ միասին, կրակել էր ձիու վրա, իսկ կոզակին ձիու տակից նիզակով հանել էր։ Շատերի գլուխն էր թռցրել, թրատել էր ձեռքերը, գետին էր գլորել Կոբիտա կոզակին, գնդակը մխելով նրա քունքի մեջ։ «Ահա ում հետ կուզենայի ուժերս չափել»,– բղավեց Նեզամայկովի կուրենի ատաման Կուկուբենկոն: Ձին քշելով, նա թռավ նրա թիկունքը և ուժգին գոռաց, այնպես, որ այդ ոչ մարդկային ձայնից ցնցվեցին մոտ կանգնած մարդիկ։ Լեհացին հանկարծ կամեցավ ձիու գլուխը շրջել և դեմքը դարձնել նրա կողմը, բայց ձին չհնազանդվեց և զարհուրելի գոռոցից խրտնեց ու մի կողմ թռավ, և Կուկուբենկոյի գնդակը հասավ լեհացու հետևից։ Շիկացած գնդակը խրվեց մեջքի թիակների մեջ, և նա ձիուց գլորվեց։ Բայց լեհացին այդ վիճակում էլ ձեռք չքաշեց, դեռ ուժ էր անում հարվածելու թշնամուն, սակայն թուլացավ ձեռքը թրի հետ միասին։ Իսկ Կուկուբենկոն, երկու ձեռքով բռնելով իր ծանր թրադաշույնը, զարկեց նրա գունատ բերանին։ Թրադաշույնը փշրեց նրա երկու ակնատամը, երկու կես արեց լեզուն, փշրեց կոկորդի ողը և շատ խոր մտավ գետնի մեջ։ Այդպես էլ նա նրան հավիտյան մեխեց մայր հողին։ Աղբյուրի նման վեր ժայթքեց կաս-կարմիր, ինչպես գետափնյա փռունչը, բարձրատոհմ և ազնվազարմ արյունը և կարմիր ներկեց նրա