Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեղին և ամբողջովին ոսկեկար կաֆտանը։ Ւսկ Կուկուբենկոն նրան արդեն թողել էր և իր նեզամայկովյան կոզակների հետ մխրճվում էր ուրիշ բազմության մեջ։

«Ափսո՜ս, անժողովել է թողել այսքան հարուստ արդուզարդը,— ասաց ումանյան կուրենի ատաման Մորուքը, յուրայիններից հեռանալով դեպի այն վայրը, ուր ընկած էր Կուկուբենկոյի սպանած ազնվազարմ ասպետի մարմինը։ «Ես իմ ձեռքով յոթ իշխանների եմ սպանել, իսկ այսպիսի զարդ ու զարդարանք ոչ ոքի վրա չեմ տեսել»։ Եվ Մորուքը գայթակղվեց շահամոլությամբ, կռացավ, որպեսզի հանի նրա հարուստ զենք ու զրահը, հանեց արդեն նրա տաճկական դանակը, որի ագուցարանի վրա թանկարժեք քարեր կային, նրա գոտուց արձակեց քսակը՝ լիքը ոսկիներով, կրծքից առավ փոքրիկ պայուսակը, որի մեջ մետաքսյա շոր էր, թանկարժեք արծաթ և աղջկա գանգուրներ, որ նա սրբությամբ պահել էր որպես հիշատակ։ Եվ Մորուքը չլսեց, թե ինչպես իր հետևից վրա վազեց կարմրաքիթ խորունժին, որին երկու անգամ ինքը թամքից վայր էր գլորել և մի լավ հասցրել էր ատամներին, որպես հիշատակ։ Խորունժին ամբողջ թափով ճոճեց թուրը և զարկեց նրա կռացած վզին։ Կոզակի շահամոլությունը բարիք չբերեց, նրա հզոր գլուխը մի կողմ թռավ, և գլխատված դիակը ընկավ, չորս կողմի գետինը ոռոգելով արյամբ։ Կոզակի դաժան հոգին բարձրացավ դեպի վերերը, նոթերը կիտած և վրդովվելով, միաժամանակ և զարմացած, որ այդպես վաղ դուրս թռավ այդքան ամրակուռ մարմնից։ Խորունժին դեռ թամբից չէր կապել ատամանի գլխի ցցունքը, երբ արդեն ցցվեց խստաբարո վրիժառուն։

Ինչպես երկնքում ճախրող բազե, որ հուժկու թևերով բազմաթիվ պտույտներ է անում, ապա հանկարծ թևերը փռած կանգնում մի կետում և այնտեղից սլաքի նման զարկում ճանապարհի եզրին աղմկող արու լորին, այնպես էլ Տարասի որդի Օստապը հանկարծ թռավ խորունժու վրա և մի թափով նրա վզով նետեց պարանը։ Խորունժու կարմիր դեմքն ավելի կարմրեց, երբ դաժան հանգույցը սեղմեց նրա կոկորդը, և նա ուզեց քաշել ատրճանակը, բայց ջղաձգաբար մեկնած ձեռքը չկարողացավ նշան բռնել, և գնդակն անդիպուկ թռավ դեպի դաշտը։ Օստապը տեղնուտեղը նրա թամբից արձակեց