Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարստության մասին, ավելի իմաստուն խոսք չէր կարող ասել: Այ թե ինչ. այս թող լինի իմ առաջին խոսքը: Իսկ այժմ լսեք, թե ինչ կասեմ երկրորդ խոսքով։ Այ թե ինչ կասեմ երկրորդ խոսքով. շատ ճշմարիտ խոսեց նաև գնդապետ Տարասը, թող աստված նրան երկար կյանք տա և թող այդպիսի զորապետներն անպակաս լինեն Ուկրաինայում: Կոզակի առաջին պարտքը և առաջին պատիվն է եղբայրությունը պահպանել: Ինչքան որ ապրել եմ, պան եղբայրներ, ես չեմ լսել, որ կոզակը մի որևէ տեղ լքի կամ դավաճանի իր ընկերոջը։ Նրանք էլ են մեր ընկերները, սրանք էլ. ավելի են նրանք, թե պակաս, միևնույն է, բոլորը մեր ընկերներն են, բոլորը թանկ են մեզ համար։ Ահա ուրեմն իմ խոսքը. ում համար սիրելի են թաթարների գերի առնվածները, թող արշավի թաթարների հետևից, իսկ ում որ սիրելի են լեհացիների ձեռքն ընկած կոզակները և ով չի ուզում ձեռք քաշել արդար գործից, թող մնա: Կոշևոյը մի կեսի հետ, ինչպես պարտավոր է, կգնա թաթարների ետևից, իսկ մյուս կեսն իր համար կընտրի ատաման։ Իսկ իբրև ռազմերթի ատաման, եթե ուզում եք լսել ծերունուս խոսքը, ավելի հարմարը չկա, քան միայն Տարաս Բուլբան։ Մեզնից ոչ մեկն արիությամբ նրան չի հավասարվի»։

Այդպես ասաց Բովդյուգը և լռեց, բոլոր կոզակներն ուրախացան, որ ծերունին այդպիսով նրանց խելքի բերեց։ Բոլորը գդակները վերև նետեցին և բղավեցին.

«Շնորհակալ ենք, բատկո։ Լռեցիր, լռեցիր, շա՜տ երկար լռեցիր, բայց ահա վերջապես ասացիր։ Եվ երբ ելանք արշավանքի, իզուր չէիր ասում, թե մի օր պետք կգաս կոզակներին։ Այդպես էլ եղավ»։

«Ւ՞նչ է, համաձա՞յն եք դրան»,— հարցրեց կոշևոյը։

«Բոլորս էլ համաձայն ենք»,— բղավեցին կոզակները։

«Ուրեմն՝ վե՞րջ ռադային»։

«Վերջ ռադային», — բղավեցին կոզակները։

«Տղե՛րք, այժմ լսեք զորական հրամանը»,— ասաց կոշևոյը, առաջ անցավ և գդակը ծածկեց, իսկ բոլոր զապորոժցիները, որքան որ կային, հանեցին գդակները և գլխաբաց կանգնեցին, աչքերը հառելով գետնին, ինչպես միշտ անում էին կոզակները, երբ ավագը կամենում էր մի բան ասել։