«Այժմ, պան եղբայրներ բաժանվեցեք. ով ուզում է գնալ թող աջ կողմն անցնի, ով մնում է, թող անցնի ձախ. կուրենի մեծ մասը որ կողմն անցնի, այն կողմն անցնում է և կուրենի ատամանը, իսկ եթե փոքր մասն է անցնում, թող միանան մնացած կուրեններին»։
Եվ բոլորն սկսեցին անցնել ոմանք աջ և ոմանք ձախ կողմը: Որ կուրենի մեծ մասն անցնում էր, այն կողմն էր անցնում և կուրենի ատամանը, իսկ եթե անցնում էր փոքր մասը, այն ժամանակ նա միանում էր մյուս կուրենիներին: Եվ դուրս եկավ, որ երկու կողմն էլ համարյա հավասար եղան: Կամեցան մնալ համարյա ողջ Նեզամայկովի կուրենը, Պոպովիչեի կուրենի մեծ մասը, Ումանի ողջ կուրենը, Կանևի ողջ կուրենը, Ստեբլիկիվի կուրենի մեծ մասը, Տիմոշևի կուրենի մեծ մասը։ Մնացած բոլորը ցանկացան թաթարների ետևից գնալ։ Երկու կողմն էլ ունեին բազմաթիվ քաջարի և հաղթանդամ կոզակներ։ Նրանց մեջ, որոնք որոշել էին հետապնդել թաթարներին, Չերևատին էլ, ծերունի քաջ կոզակ Պոկոտիպոլեն, Լեմիշը, Պրոկոպովիչ Խոման, Դեմիդ Պոպովիչը ևս նրանց կողմն անցավ, որովհետև շատ անհանգիստ բնավորության տեր կոզակ էր և չէր կարողանում երկար ժամանակ մի տեղ նստել. լեհացիների հետ նա արդեն փորձել էր ուժերը, այժմ կամենում էր փորձել նաև թաթարների հետ։ Այդ կողմն անցան կուրենի ատամաններ Նոստյուզանը, Պոկրիշկան, Նևիլիչկին, և ուրիշ շատ քաջարի և անվանի կոզակներ կամեցան թաթարի վրա փորձել իրենց թուրը և հզոր բազուկը։ Հզոր և քաջարի կոզակներ պակաս չէին և նրանց մեջ, որոնք կամեցան մնալ. կուրենի ատամաններ Դեմիտրովիչը,Կոլկուբենկոն, Վերտիխվիստը, Բալաբանը, Բալբենկո Օստապը։ Ապա բազմաթիվ էին այլ ուրիշ անվանի և ամրակուռ կոզակներ՝ Վովտուզենկոն, Չերևիչենկոն, Ստեպան Գուսկան, Օխրիմ Գուսկան, Միկոլա Գուստին, Ջադորոժնին, Մետելիցյան, Իվան Զակրուտիգուբան, Մոսիյ Շիլոն, Դեգտյարենկոն, Սիդորենկոն, Պիսարենկոն, ապա մյուս Պիսարենկոն, ապա նորից Պիսարենկոն, և շատ կային ուրիշ այլ քաջ կոզակներ։ Բոլորը փորձառու, ընկած-ելած մարդիկ էին. եղել էին անատոլիական ափերում, Ղրիմի աղուտներում և տափաստաններում, Դնեպրի մեջ թափվող բոլոր փոքր ու մեծ գետերի ափերին,