սաններում անկորուստ մնան գինու կնքած կարասները. վարժվում են անօրենների ով գիտե ինչպիսի սովորություններին, զզվում են մեր լեզվից, յուրը յուրայինի հետ չի ուզում խոսել, եղբայրը վաճառում է եղբորը, ինչպես առևտրի շուկայում վաճառում են մի անհոգի էակ: Օտար թագավորի ողորմածությունը, և այն էլ ոչ թե թագավորի, այլ լեհացի մագնատի գարշելի ողորմածությունը, մագնատի, որն իր դեղին քոշով խփում է նրանց մռութին, նրա ողորմածությունը նրանց համար ամեն մի եղբայրությունից ավելի թանկ է: Բայց վերջին ստահակն անգամ, որքան էլ նա թավալվի մրի և երկրպագության մեջ, վերջին ստահակն անգամ ունի ռուս զգացմունքի մի հատիկը, և նա օրերից մի օր կարթնանա, և այդ թշվառը կզարկի ծնկներին, գլուխը կբռնի և բարձրաձայն կնզովի իր ստոր կյանքը և կկամենա ծանր տանջանքներով քավել անարգ գործը: Ուրեմն թող նրանք իմանան, թե ինչ ասել է Ռուս երկրի եղբայրությունը: Եթե բանը հասել է մահվան, նրանցից ո՛չ ոքի չի վիճակվելու այսպես մեռնել, ո՛չ ոքի, ո՛չ ոքի. այդպիսի մահվան համար հերիք չէ նրանց մկան բնավորությունը»:
Այդպես ասաց ատամանը և երբ խոսքը վերջացրեց, դեռ ցնցում էր կոզակների սխրանքների մեջ սպիտակած գլուխները: Բոլորին ուժգին ցնցեց այդ խոսքը և հասավ մինչև սրտի խորքը: Ավազագույն կոզակներն անշարժ կանգնել էին շարքերի մեջ և ալեհեր գլուխները խոնարհել էին գետին, նրանց ծեր աչքերում հեզիկ ոլորվեց արցունքը, և թևքով դանդաղ սրբեցին արցունքը, ապա բոլորը, կարծես խոսքը մեկ արած, միաժամանակ թափահարեցին ձեռքերը և ցնցեցին ընկած-ելած գլուխները: Երևում էր, որ ծերունի Տարասը հիրավի նրանց շատ բան հիշեցրեց` ծանոթ ու լավ, որ լինում է մարդու սրտում, վշտից, աշխատանքից, խիզախությամբ և կյանքի զանազան ձախորդություններից իմաստուն դարձած մարդու սրտում և կամ, թեև չճաշակած այդ ամենը, բայց շատ բան զգացած երիտասարդ և բյուրեղ հոգում, ի հավերժական ուրախություն ալեզարդ ծնողների, որոնք ծնել են նրան:
Ւսկ քաղաքից արդեն դուրս էր գալիս թշնամու զորքը, ծնծղաները զարկելով և հնչեցնելով փողերը, և հպարտ դիրքով դուրս էին ելնում պաները` շրջապատված անհամար սպա-