Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնդակներու պես։ Իր այդ բոլոր հուզումները, վիշտերը, զայրույթները խոսք մը միայն կը թելադրեին նմա․

— Ա՜խ, մեյ մը մեծնայի՜, կըսեր։


Ձմեռը եկած Էր իր սպիտակափառ ձյունովը, իր փաղփուն սառույցովը ու իր մոլեգնապտույտ քամիովը։

Ձյունն իբրև ակնհաճո զարդ մը, իր վատկայանման խավին տակ սքողած էր փլփլկած տուներու փեռիկներն ու վերքերը, փողոցներու ծուռ ու մուռ և աղտոտ սալարկն, ամեն բան որ կապույտ երկնքին տակ, արևուն ճառագայթներուն մեջ կը ցցվի տըխրատեսիլ ու անհրապույր։

Ծնունդի խթման շաբաթ օրն էր։ Մութն ու լուսան ելած էր Սերքոն և կարգի կը դներ ձկնականջները, զորս այն օրը պիտի ծախեր, երեք մասի կը բաժներ, պզտիկ, միջակ, խոշոր, հետո կը դասավորեր ձուկերը, կը շոյեր, կը փայփայեր զանոնք սքանչացմամբ և երբեմն խոշոր ձուկ մը ձեռքն առնելով՝ կշռելու ձեվով մը կը շարժեր զայն և կը մրմռար.

— Ը՛հ, անամ, պապամ։

Հետո գործն ավարտելե ետք, գնաց կիցովն արթնցուց պըզտիկ Սեփը, որ խենդի պես ցատքեց ելավ ցուրտեն դողդողալով և հագավ պատառուն զգեստները։

— Ծո, ըսավ Սերքո, սա քեֆալին չավելան առ, օխան հինգեն վար չի պիտի տաս, իշտե աստար կըսեմ․ իրեք օխա է, տասնհէնգ ղուռուշ կընե․․․ լմնցունելուդ պես թախըմիկովը կառնէս Թոտիին կը բերես․ պելքի հոն կըլլամ, չըլլամ նե․ ըսել է քի տուն եկած եմ, շիտակ հոս կը վազես։ Հասկցա՞ր, հաստը խաֆա։

Սեփ, անձայն, անմռունչ ոտքն անցուց մաշած ցեխոտած ոտնամանները, բացավ դուռն և դուրս ելավ շավելան գլխուն վրա դնելեն ետք, քովի տանը պատուհանին տակեն անցած պահուն վեր առավ գլուխը և սա խոսքերը արտասանեց ցած ձայնով .

— Արուս, աս գիշեր ծուկ կը պերեմ ձեզի։

Եվ ճամբան շարունակեց իր սրտագոչ ձայնն հնչեցնելով ձյունապատ փողոցներուն մեջ։