Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրենց այս ընթացքը օրվան խոսակցության նյութը եղավ Չըքսալընի ժողովրդական շրջանակներուն մեջ։

— Ի՞նչ է ան, Սերոբ՛ կըսեին, ո՞ւր է Լութիկ։

Եվ Lութիկ, իբրև պատասխան, ձեռքը օդին մեջ արհամարհանոք կշարժեր՝ դեմքի նշանակալից ծամածռությամբ մը։

— Ի՞նչ է ան, Լութի՛կ, — կըսեին, — ո՞ւր է Սերոբը։

Եվ Սերոբ գրեթե նույն շարժումը կըներ, նույն ծամածռումով։

— Թոհաֆ՜ բան, թոհա՜ֆ բան,—կըսեին ծանոթները։

Եվ Չըքսալընի այն դասակարգը, որուն կպատկանեին Սերոբ և Լութիկ, նմանապես բաժնվեցավ երկուքի, երկու բանակներու, իրարու հակառակորդ երկու զորավարներու ղեկավարության տակ։ Սակայն Սերոբ և Լութիկ, Լռին համաձայնությամբ մը, խնամքը ունեցան ոչ մեկուն հայտնելու իրենց բարեկամության խզման շարժառիթը, հակառակ բուռն թախանձանքներուն, որոնց երկուքն ալ առարկա դարձան։

— Ճա՜նըմ, Լութի՜կ, քուզո՜ւմ Լութի՜կ, ըսե՜ ի՞նչ ըրավ Սերոբը քեզի,—կաղաչեին ամեհի ջրհանկիրները։

— Չեմ ըսեր, չըսվիր, — կհամառեր Լութիկ, մռայլ և տխուր։ Ճա՚նըմ, ձեզի՞ ինչ, ա՛լ անիկա ինծի համար չէ, վեսելեմ։

Նույն անթափանցելի գաղտնապահությունը Սերոբի կողմե։ Սակայն ոչ մեկը մյուսին հասցեին նախատական բառ մը չարտասանեց։ Մինչ ընդհակառակը՝ բավական կարևոր վեճեր ծագեցան Լութիկյաններու և Սերոբյաններու միջև, կծու նախատինքներու և համեմավոր հայհոյանքներու ընկերակցությամբ։ Թաղին ջրհանկրաց խումբը, որուն պարագլուխը Լութիկ էր՝ այս ծանրակշիռ դեպքը պատահած պահուն, երկու մասի բաժնվեցավ խռովության առատաբուխ աղբյուր ամբողջ թաղին մեջ։ Պզտիկ ծեծկըվուքներ իսկ պատահեցան գինետանց մեջ, հրդեհներու ատեն, երբ երկու կուսակցությանց յուրաքանչյուրը կուզեր ինքը տիրանալ ջրհանին և վազել երթալ հրդեհին վայրը։ Նորեն իրենք՝ պարագլուխներն էին, որ կզսպեին փոքրերուն թափերը, կսանձեին անոնց հանդգնությունը անիմաստ հակառակյությանց խիզախությունը