մը ուներ, խոշոր ամբարտակներու վրայե խուժելու և իհարկին զանոնք կործանելու ատակ։
Խանութը բանալեն հետո, — դեպք մը որ գրեթե աննշան անցած էր տենդային առուտուրի այդ հրապարակին վրա,— Կարապետ իր սմսեղուկ ցռուկովը օդը միջավայրն ու կացությունը հաստատեց։ Հաչաղկոտության փայլակներով հղի բիբերովը դիտեց իր պզտիկ խանութն ու հանդիպակաց խանութը։ Միակտուր ապակիե վիթխարի ցուցափեղկեր անոնց առաջայքը կը զարդարեին։ Ի՜նչ այլազանություն, ի՜նչ ճոխություն, ի՜նչ ճաշակ ապրանքներու ցուցադրման ու հարդարման մեջ։ Բոլոր օրը երկու խանութներն ալ լեցուն էին հաճախորդով․ մինչ ինքը բարակ ու փոքրածիր ապակիով ցուցափեղկին ետևեն, ակռաներր սեղմած, նախանձի կայծերով այտերն ատրաշեկ, կը դիտեր զանոնք՝ շունչը կտրած, ռնգունքը ընդլայնված։
– Ա՜խ, եթե իմս ըլլային սա խանութները, կը մռլտար սեղմ ակռաներուն մեջեն։
Օրը հազիվ հինգ վեց հաճախորդ ներս կը մտներ, վարանոտ, տեղին խեղճությունեն կասկածելով, ու պզտիկ գնումներու համար։
Քանի մը շաբաթ Կարապետ ճակատը շփեց, քունքերը քետրեց, հևաց, հառաչեց, մռնչեց։ Հետո, հանկարծ զվարթ, ուրախ շենշող եղավ, երգեց, ծխեց, ծիծաղեցավ։ Վերիվայր փոխված էր «թոհաֆճի» Կարապետ։
Իր երկու արհեստակից խանութպանները, անշուշտ իրենց զորությամբը ապահովված, բնավ դժգոհ չեղան երրորդ խանութի մը բացումեն որ ոչ մեկ կերպով կրնար վնասել իրենց կամ իրենց հետ մրցիլ։ Հայ էին անոնք, և երբ տեսան՝ որ իրենց նորեկ դրացին ալ հայ էր «ի՛նչ կըլլա, թող ան ալ վաստկի, հայ չէ՞ մի» ըսին ու իրենց գործերով զբաղեցան։
Կարապետին հարակից խանութպանը քառասուն տարեկան հայ մըն էր, Օհան Տերտերյան, Գում-Գափուցի հսկահասակ մարդ մը, սև խոշոր աչքերով և հաստ ընքվիներով։ Միամիտ ու դյուրահավան մարդու ամենեն պերճ տիպարն էր։ Իր ժպտուն դեմքը երբեմն ահավոր խոժոռությամբ մը կը կնճռոտեր։ Բարձրաձայն