Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետզհետե կը տժգուներ, ու բարձրացող թեթև հովը մեղմիկ ծփանք մը կը հարուցաներ նավուն շուրջը։ Բնությունն ալ կարծես կը սգար հիմա Վիշտը այդ մարդուն, զոր մխիթարելու բովանդակ անզորությունս կը հաստատեի։

— Բայց տակավին ավելի ահավորը կա, հարեց․ գիտե՞ք ինչու կնոջս պատիվին վրա հարձակվիլ փորձած է այդ սրիկան, որպեսզի կինս ազդվելով, հուզվելով, ցնցվելով հիվանդանա, քայքայվի, մեռնի. այո՛, մեռնի, որպեսզի ծնողացը միակ ժառանգորդը իր կինը մնա, ու ինքը տիրանա այդ ամբողջ հարստության․․․։ Ահա հիմակ հասավ իր անարգ մուրատին․․․։ Մեռավ կինս, ու ինք կը տիրանա աներոջս բոլոր ստացվածքներուն․․․։ Չի գիտեր թշվառականը թե պիտի գա վրեժի ժամը, արդար ու ահեղ վրեժին․․․։

Կես գիշերը անցած էր, ու խոնավությունը մինչև ոսկորներս կը թափանցեր։ Բուռն փափաք մը ունեի տաք վերմակներու տակ կծկվելու․ ու այս ցավագին պատմությունը ջլատած էր հոգիս, ու հոգնած էի։

— Արի եղի՛ր, բարեկամ, ըսի իբրև մխիթարանք․․․ խնամե՛ ինքզինքդ, սնունդ առ և քնացի՛ր։

— Քնանա՜լ, ըսավ տեսակ մը դառն քրքիջով․ իմ քունս մղձավանջ մըն է, թափառում մըն է մութ և ամայի գերեզմանոցներու մեջ, կնոջս ուրվականը կը փնտռեմ, ու երբեմն կը տեսնեմ զինքը՝ իր ճերմակ պատանքին մեջ․ կը մոտենամ իրեն դողդոջ քայլերով՝ բայց ան կը փախչի, ժպտուն, գլխու օրորումով մը․․․ կը փախչի ինե, հե՜ք սիրական կինս․․․։

Եվ մինչ լուռ և բուռն հեկեկանքներով կը թոթվվեր ան, աճապարեցի հեռանալ, հեռանալ այդ մարդեն և այդ անհանդուրժելի ցավեն․․․։

Չորս ամիս ետքը, դեկտեմբերի վերջերը, օր մը նստած էի Մեզրեի առաջնորդարանի սրահին՝ մեջ։ Երկու մարդեր ներս մըտան, հարգանոք բարևեցին առաջնորդը, թուղթ մը տվին անոր և կեցան։ Հանկարծ անոնցմե մեկուն մեջ ճանչցա Մետիի մարդը, որուն ցավագին սիլուեթը շատ անգամ քունս խռոված էր, և իր աղեխարշ կոծը ականջիս մեջ հաճախ կը դռնչեր։ Անիկա հարևանցի