Էջ:Novellas of Erukhan.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը նայեցավ ինծի և ապահովապես չհիշեց զիս: Ուշադրությամբ հաստատեցի թե բոլորովին փոխված էր ան։ Ի՞նչ եղած էր արդյոք, մտածեցի, կնոջ մահվան լուրը ստույգ չէ՞ր, և վերադարձին ո՞ղջ գտած էր զայն։ Այլապէս ինչո՞վ կարելի էր բացատրել իր մինչև իսկ զվարթ երևույթը։ Ու միտքս դրի, դուրս ելլելեն ետքը ետևեն երթալ, ինքզինքս ճանչցնել և տեղեկություններ առնել իր մասին։

Բայց ահա սա խոսակցությունը լսեցի, որ կյանքիս ամենեն ապշեցուցիչ անակնկալներեն մեկը եղավ, և ճշդորոշող չափանիշը նաև մարդկային կասկածելի բարոյականին։

Առաջնորդը հարցուց.

— Ի՞նչ կուզեք։

— Պարոնին համար ամուսնական հրամանի մը, պատասխանեց ան որ կընկերանար իմ մարդուս։

— Պարոնը նո՞ր կամուսնանա, հարցուց Առաջնորդը։

— Ո՛չ, պատասխաներ նույն մարդը. առջի կինը որ իմ քենիս էր` մեռավ դժբախտարար. հիմա կուզե դարձյալ ամուսնանալ ինծի ազգական աղջկա մը հետ. ես կնքահայր կըլլամ իրեն, որովհետև ոչ միայն քենեկալ ենք այլև պզտիկուց գրեթե միասին մեծցած…։

Ետքի խոսքերը ա՛լ գրեթե չլսեցի, հրամանի գործողությունը կատարվեցավ և մարզիկը ելան գացին։

Ա՛լ ավելորդ սեպեցի ետևնուն դուրս ելլել, հարցնելու համար Մետիի մարդուն թե ո՞ւր մնացած էր իր վրեժին գործողությունը։

Այս պատահարեն ի վեր միտքս դրած եմ չհավատալ ամենեն դառնաթուրմ ցավերուն իսկ։