Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտեցավ խրճիթի պատուհանին և ձեռքինները գետին դնելով՝ շուտիկի մը պես կախվեցավ պատուհանին եզերքեն, վեր քաշվեցավ, արագ ակնարկ մը նետեց դեպի ներս. նորեն կամաց մը վար իջավ` աչվըներուն մեջ ունենալով գոհունակության չարաճճի շողյուն մը և մրմնջելով.

— Օ՜խ, կը քնանա կոր։

Ապա, գողի մը զգուշությամբ, որ օձիքը ձեռք տալու վախն ունի մեղմիվ սահեցավ պատուհանին տակեն և քովի տնակին մոտ գալով, կամաց, երկչոտ ձայնով ըսավ.

— Արո՛ւս, Արո՛ւս...

Ահագին կոչ մը ատկից ավելի ազդեցություն չպիտի ունենար. վասնզի, գրեթե անմիջապես խրխլած պատուհանի շրջանակին մեջ երևան ելավ պզտիկ աղջիկան միշտ ծիծաղկոտ այն դեմքն, որուն ժամ մը առաջ ժպտած էր Սեփ, խաժ աչվըներով, պզտիկ գունատ շուրթերով կլորակ դեմք մը, ուր սակայն թշվառությունն ու անոթությունը արդեն իսկ զարկած տպավորած էին իրենց ահռելի դրոշմը։

Մանկուհիին և պատանյակին աչվըները անհուն գորովի մը, անսահման խանդաղատանքի մը մեջ իրարու խառնվեցան. զիրար կը դիտէին մելամաղձական չես գիտեր ինչ նայվածքով, ուր գորովն խանդաղատանքե ալ վեր բան մը կար կարծես, սեր։

— Ի՞նչ կընեիր կոր, Արո՛ւս, հարցուց Սեփ։

— Օտան կավլեի կոր, ախպարիկ, պատասխաներ, պզտիկ աղջիկը, անուշիկ ձայնով մը, որուն մեջ նրբորեն կը զգացվեր այն պչրանքը, որ անխտիր ամեն աղջկան հետ կը ծնի, տարիքին համեմատությամբ մեծնալով և սաստկանալով` վտանգավոր ըլլալու աստիճան։

— Դուն ի՞նչ ըրիր։

— Ես միտեաիչիս ծախեցի, ըսավ Սեփ ձեռքը զարնելով տափատի գրպանին, որ հաստ հնչյուն մը հաներ:

Հիմակ նիհար բազուկին մեկը դուրս հանած էր Արուս և ստամբակին երկնցած մազերը կը շոշափեր, ան ալ, կարծես հեզորեն հաճույք մը զգալով այդ հպումեն, թող կուտար որ ուզածն ընե իրեն։