Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանկարծ Սեփ գլուխը վեր առավ և տխուր շեշտով մը հարցուց․

— Արո՛ւս, այսօր ի՞նչ կերար։

Մանկուհին կարծես թե սարսուռ մ՚ունեցավ, թեթև կարմրություն մը պատեց այտերն, և առանց պատանյակին երեսը նայելու, հույժ մեղմ ձայնով մրմնջեց․

— Ցամաք հաց։

Ամպ մը անցավ Սեփին աչերեն, պզտիկ, գրեթե անլսելի հեծյուն մը թռավ կոկորդեն, երկյուղալի ակնարկ մը հածեց չորսդին, կամացուկ մը գրպանը խոթեց ձեռքը և բան մը դուրս հանելով՝ դրավ զայն պզտիկ աղջկան վար կախված ձեռքին մեջ, միանգամայն փսփսալով․

— Վաղը եմիշ առ կեր, հա՞, աղվորիկ Արուսս։

Պզտիկ աղջիկը առաջինն ավելի կարմրեցավ, վեր չառավ ձեռքը, իբր թե հեղակարծ բան մը սառեցուցած ըլլար զայն։

Հազիվ թե խոսքն ավարտած էր, ահագին, սարսափելի ձայն մը վեր ցատկեցուց զայն։ Արուսի գլուխն ի քթթել ական անհետ եղած էր։

Սերգո, որ քունեն նոր էր արթնցած, գլուխը պատուհանեն դուրս հանելով կը գոչեր․

— Ծո փիչ, փարչա փարչա պիտի ընեմ հիմա քեզի, ներս եկուր, չափուխ ներս եկուր։

Հեք պատանյակը, սահմռկած սասանած, առավ գետնեն ամանները, և անբացատրելի վիշտով խառն երկյուղով մը, հանցավոր աշակերտի պես ներս մտավ իրենց դուռնեն զոր եղբայրը բացած էր։

Սերքո բռնեց անոր ականջեն ոլորեց, ճմլեց և մյուս ձեռքովը մեկ երկու ուժգին ապտակ փակցուց խեղճ Սեփի երեսին։

Օ՜հ, սրտաճմլիկ էր այդ տեսարանը։

— Սենիկիտի փի՛չ, կը պոռար միտեաճին ահեղ ձայնով, ծո ես քեզի միլիոն անգամ չըսի՞ քի անքովի միսիպեթներուն հետ կյորիշմիշ չպիտի ըլլաս․ ծո չիյտես քի մարըս, աստված օղորմի հոգուն, վիրա կըսեր քի քովինները ամեն վախիթ միսերնիս կուտեն․ մեռած ատենը չըսա՞վ քի ծառվընիդ յախաս ըլլա էյեր ան