Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ «Հայուհին» բանաստեղծության ինքնագիրը ստացել է Տիգրան Ադամյանից 1893-ին և «վերջին պահուն» հասցրել է հրատարակել «Ընդարձակ կենսագրության...» սակավաթիվ օրինակներում միայն։ Ինքնագրի հետագա ճակատագրի մասին նա ոչինչ չի ասում։ Հավանաբար Տ. Ադամյանն այն հանձնել է Ե. Դուրյանին, քանի որ ինչպես երևում է Հ. Օշականի մի ակնարկից, ժամանակին այն գտնվել է Երուսաղեմում։ Վերջինս գրում է. «Դուրյանին ձեռագրին մեջ սրբագրումներ չգտա, քերթվածին լայնքով։ Uիրեցի քեզը և Հայուհին ենթարկված են փոփոխման։ Երկուքն ալ չեն հասած վերջնական կաղապարի» («Համապատկեր արևմտահայ գրականության», երկրորդ հ., Երուսաղեմ, 1953, Էջ 383, ծ.) ։ Սակայն Ա. Գալայճյանի հրատարակությունից հետևում Է, որ ինքնագիրը այժմ չկա։

Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել Է Տիգրան Արփիարյանի «Մեռած գրագետներ» հոդվածում («Մասիս» հանդես, Կ. Պոլիս, 1892, օգոստոս 29, թիվ 3966, Էջ 178), ապա արտատպվել «Արձագանք»-ում (Թիֆլիս, 1892, սեպտեմբերի 18, № 108)։ «Հայուհին» խորագրով զետեղվել Է 1893, 1900, 1904, 1918, 1926, 1932, 1936, 1940, 1947, 1956, 1963 և Երուսաղեմի ժողովածուներում։

Բանաստեղծությունը չի մտել հեղինակի օրինակած տետրերում։

Ա. Չոպանյանն այդ բանաստեղծությունը համարել Է «կատարելապես չնչին բան» և գտել, որ Էքսերճյանը այն պետք է զետեղեր ծանոթագրությունների մեջ («Հայրենիք», 1892, թիվ 46)։

Տ. Արփիարյանը հենվելով բանաստեղծության բովանդակության վրա` պատմում է գրության հետ կապված հանգամանքները. «...Շոգենավին մեջ, ափ յափո գրած է այս ոտանավորը, անծանոթ գեղուհվո մը հանդեպ, որուն տեսքը մագնիսացուցած էր զինքը։ Երկչոտ երիտասարդն... կուզե սրտին թելհրովը խոսիլ անոր հետ, թուղթ ու գրիչ կը հանե գրպանեն և կսկսի քերթել։ ...Դեռ ոտանավորը չավարտած, շոգենավը նավամատույք հասած էր, ու մինչ ինք` գլխահակ վերջին հանգերը կը փնտռեր, անծանոթ գեղուհին աղեղներու բազմության մեջ աներևույթ եղած ու դուրս ելած էր արդեն» («Մասիս», 1892, թիվ 3966, էջ 178)։ Այս պատմությունը շարադրեց նաև Բարսեղ էքսերճյանը` դարձյալ բխեցնելով բանաստեղծությունից («Ընդարձակ կենսագրություն...» , էջ 54—55)։

Եվ Արփիարյանր, և Էքսերճյանը, և՛ մյուս ուսումնասիրողները