Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն հյուսկենները երկնքին՝
Այն ամպերը ձյունաթորմի՝
Մինչ երեկո, ո՜հ, մի առ մի
20 Մեր նայվածքը գըրավեին։

Չ՚էինք խոսեր, խոսքն մեր հոգվոց
Անհունությունը կը պղծեր,
Մենք զերթ երկու տժգույն բոցեր
Իրարու մեջ կ՚այրեինք սոսկ։

25 Մեր հոգիքը նոճիներու
Թուխ թիթեռներ էին տրտում,
Սև՜ ծըծեինք՝ սո՜ւգ անհատնում,
Նայեինք միշտ երկրես հեռու։

Անհուսությո՜ւն, գերեզմանի
30 Այդ սև կաթը շատ ըմպեցինք,
Քեզ հափրեցուց այդ ըմպելիք,
Եղար երկնիր տժգույն որդի։

Քու դալուկըդ՝ զիս ցավցուց շա՜տ,
Եվ նայվածքըդ վերջին նըվար՝
35 Զ՚որ ուղղեցիր ինծի, ավա՜ղ,
Բևեռացուց յ՚իս հիշատակդ։

Երջանի՞կ ես հոդ թե թշվառ,
Զվարթնո թևով լուր մ՚ինձ ղրկե,
Ա՜հ, այս աշխարհն միշտ տաղտուկ է...
40 Ցավերու մեծ մայր մ՚է աշխարհ։