Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎՐՈՒՅՐ.— Վեհափառ տեր, այն գիշերը, որ անտառին մեջ բանակնիս իջևանած էր, զինքը արյան լճակի մը մեջ անշնչացած գտանք Արքունի վրանիդ մեջ, քովն ալ արյունոտ դաշույն մը։

ԱՐՏԱՇԵՍ.— Ո՜վ երկինք...
ՎՐՈՒՅՐ.— Եվ գաղտուկ փոսի մը մեջ թաղեցինք զինքը` զգուշանալով թագավորիդ իմաց տալու, որ կրնար շատ ցավ զգալ։
ԱՐՏԱՇԵԱ.— Ճշմարի՞տ կըսեք։
ՎՐՈՒՅՐ.— Անշուշտ, տեր իմ։
ԱՐՏԱՇԵՍ.— (մեկուսի) Դեռ կը սիրեր Արտաշաման... (բարձր) Ուրեմն չորցավ Արտաշեսի ճակտին մեկ դափնին, վերջապես կորսնցուցի այն սուրը, որ պատերազմի դաշտին վրա անխոնջ կուրծս կը պաշտպաներ... Խե՜ղճ Արշեզ... (մեկուսի) Զավա՜կս... (բարձր) Արդ, բոլոր Լյուդիա հուսամ խաղաղեցավ, այնպես չէ՞ քաջդ Վրույր։
ՎՐՈՒՅՐ.— Այո՛, տեր իմ, գրեթե դիակ և գերի, ողբ և արյուն, սուրի բեկորներ և փլատակ, միայն ասոնք մնացին Լյուդիո երկնքին տակ։
ԽՈՍՐՈՎ.— Եվ միանգամայն ստրուկ ու դատապարտյալ թագավոր մը։
ԱՐՏԱՇԵՍ.— Ա՜հ, ինչո՞ւ կը փախչիս հորիզոնին տակ, Արև, ինչո՞ւ կը տանիս նախանձոտ ճառագայթներդ, կեցիր քիչ մ՚ալ և թագավորի մը դիակին վրա վերջին ճաճանչ մը` վերջին նայվածք մը ձգե, դեռ վայրկյան մ՚ալ կրակ դառնան ճակտիս դափնիները քու կարմիր ճաճանչիդ տակ և օրհասական Կրյուսոսի քինախնդիր նայվածքը այրեն... Կեցի՛ր դեռ, ուրիշ տիեզերք մը հանդիսատես չի