Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդը, կանհետի վարդը շուքի մը պես... Կանցնի փառքը, կը մարի գերեզմանի կանթեղի մը պես... կը սահի, կանհետանա արյան հեղեղներուն հետ... կը նվազին օր մը մարդկային փայլերը, կը նսեմանա գեղեցկությունը վշտին մեջ, փառքը՝ պարտության մեջ, ճոխությունը՝ բախտին մեջ...» Ինչո՞ւ կը ծանրանաս սրտիս վրա, ո՜վ գիշեր, ունայնության պատանքով, նախանձու կայծերով, անցավորության կոհակներով, եղերգության հծծանքով և գերեզմանական ստվերով... Դու դահիճ մը՝ միայնությունը տապար առած կուզես դողացնել, կուզես որ հառաչ մը թռի Արտաշեսի շրթներեն... այլ դեռ գլխուն վրա կը ցոլան Լյուդիո փառաց ջահերը և անոնց ճաճանչովը կը տեսնեմ որ լոկ ստվեր մը, հառաչ մը, երազ մ՚ես, և ճառագայթ մը քու գահճիդ... Այդ աստեղազարդ երկինքը Արտաշեսի տիեզերակալ ծիրանին պիտի ըլլա... Ոտքերուս տակ դեռ շնչասպառ դիակներ կը հեծկլտան... Թող որ դափնյա շուքին տակ հանգչի Արտաշես (թիկնաթոռի մը վրա կը բազմի) աչքերս կը գոցվին... Ի՜նչ քաղցր ես քուն, հաղթական պատերազմներով խոնջյալ ճակատի մը համար... (աչքը կը գոցե.—տեսարանը վայրկյան մը պարապ կը մնա):

Տեսիլ Զ

ՆՈՒՅՆ և ՈՐՄԶԴՈՒԽՏ

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– (գաղտնի դուռ մը բանալով) Կրյուսոս աղեկ ցուցուց... Ճիշտ իր սենյակը հանեց այս գաղտնի դուռը...