Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Լռե՛, Հրաչյա... Ներե՛ իրեն, հայր, խնայե՛ իրեն և ինձի, մի՛ պատուհասեր...

ՍՈՒՐՄԱԿ.— Շահանդուխտ, անիծյալ ես, մինչդեռ այս անօրենը կը պաշտպանես և...

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ա՜հ, գթությո՜ւն, հա՛յր, թողությո՜ւն...

ՀՐԱՉՅԱ.— Շահանդուխտ... այս սրբազան և սև փիլոնը իր սև սիրտը քեզնե կը ծածկե. այդ մարդը խաչին տակ դարանակալ սադայել մ’է։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ո՜հ, Աստված իմ...

ՍՈՒՐՄԱԿ.— Կը համարձակի՞ս...

ՀՐԱՉՅԱ.— Այս մարդը Քրիստոսի հոտին գայլն է... Այս մարդը վատ մ'է։

ՍՈՒՐՄԱԿ— Դողա՛...

ՀՐԱՉՅԱ.— Ո՞ւսկից... Քեզնե՞, որ մութին մեջ խաչը տապար կընես. քեզնե՞, որ աղավնիները միայն ճանկերուդ մեջ կրնաս առնել և չես վախնար, որ խաչն ալ, փայտի կտորն ալ հարված մ'ունի։ Դու որ մարդուն երակացը արյունը ծծելով զայն կամակատար դիակ մ'ընել կը ջանաս, դու որ չես դողար Աստուծմե, ե՞ս, ե՞ս դողամ քեզնե։

ՍՈՒՐՄԱԿ.— Գթա՛ իրեն, Աստված իմ և քեզի դարձուր...

ՀՐԱՉՅԱ.— Ա՜հ, հարվածդ չը հաջողիր, դիմակդ կը դնես... ծածկել կուզես շառագունող ճակատդ... Դու չես նետվիր, չես թափեր թույնդ` տեսնելով որ ոսոխդ ազատ կը թռչի արծվո մը նման և կրնա քու ապաստանած ժայռերուդ վրա գլուխդ ջախջախել։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Հա՛յր սուրբ, դու աղոթե իրեն համար... Ներե՛ իրեն։