Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՐԱՉՅԱ.— Բայց դու չես սթափիր, Շահանդուխտ, եթե ես վրա չը հասնեի...

ՍՈԻՐՄԱԿ.— Պիտի լռե՞ս վերջապես... Օ՛ն, դո՛ւրս ել այս տեղեն... Ալ բավական եղավ, հանդգնությանդ չափն անցուցիր:

ՀՐԱՉՅԱ.— Շահանդուխտ, այս մարդը խաչը կը կոխկռտե և ուրիշին պաշտել կուտա, այս մարդը սիրտ չունի և ուրիշներուն սիրտ կը քարոզե, այս մարդը փիլոնին տակ դաշույն ունի և կոչնակին գանգյունին մեջ սպանելույն վերջին հեծեծանքը կը խեղդե... Բարեպաշտ և գեղեցիկ աղջիկները կը սիրես, պարո՛ն երեց, խիստ լավ կընես, եթե այդչափ չը սիրես։

ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Ո՜վ կատաղությանս... (բարձր) Աստվա՜ծ իմ, այս մարդը դիվահար մ'է եղեր, ներե եթե ակամա իրեն դեմ զայրացա։

ՀՐԱՉՅԱ.— Այնչափ ապահով եղիր թե ես հիմար չեմ, որչափ որ ապահով ես քու վատ մը ըլլալուդ. Շահանդուխտ, խորշե այս փիլոնեն, որ դիակի պատանք, դագաղի ծածկոց և ոճիրներ քողարկող վարագույր մ'է, այս մարդը եկեղեցին գերեզմանի կը կերպարանափոխե, կը կեղծե, կը խոնարհի, կը սպաննե միմիայն իշխելու համար... Ապառաժ է այս մարդուն սիրտը, միթե կարելի՞ է ապառաժին վրա խաչ տնկել... Նայվածքը գորովալի է, բայց թույն կը թափե, սիրով կը սեղմե ձեռքը, այլ նա կը սառի... Ինչպես օձն իր զոհը անուշահոտության մեջ կը թմրեցնե, նույնպես ասոր սփռած անուշահոտությունը աստվածային մրմունջներն են... Եթե սիրելի մը ունի աշխարհի մեջ, այն է արյունարբու փառքը, եթե ատելի մը՝ այն է