Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ է




ՆՈԻՅՆՔ (բացի զինվորեն)



ՆՈՐԱՅՐ.- Արի զինվոր, երանի թե ամեն Հայ քեզի պես զգար, այն ատեն Լանկթիմուր սարսափելով կը նայեր Հայաստանի դափնեզարդ սարերուն և կը սոսկար իր խրոխտ քայլը Հայաստանի հողին վրա դնել, ուր եթե մատնիչներ իրենք մոր կաթը չը խմեին, ուր եթե վատեր և ազգատյացներ նախնի փառաց հիշատակաց քանդակներն իրենց նախատական քայլերուն տակ չը ջնջեին, ուր եթե Հայերը ձեռք ձեռքի «միաբան մեռնինք» գոչեին… Ա՜հ։ ե՜րբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մալիշակներովը մարդոց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի. բայց դու, Հայաստան, դու միշտ փուշեր պիտի տեսնես...

ՆԱԶԵՆԻԿ.- Ե՞րբ խաղաղություն պիտի գտնենք մենք այս աշխարհիս վրա, հա՛յր իմ։

ՎԱՂԵՆԱԿ.- Նազենիկ, չկա երբեք հանգիստ Հայուն համար, մինչդեռ անմիաբան է և օտար է իր սրտին հայրենասիրության բառը, ինչպես գութն օտար է երկաթե թուրին։

ՆՈՐԱՅՐ.- Իսկ հետո շատ պիտի զղջա, ճակատը կոծելով շատ պիտի վայե Հայը, բայց ինքզինքն անհատակ անդունդի մը գահավեժ բերանը պիտի գտնե, ուսկից անկարելի Է ազատիլ… Խիստ վերջը պիտի սթափի Հայը և պիտի ըսե, թե ես ազգ մ՚եմ. բայց պիտի տեսնե, որ ձեռքերը ամուր շղթաներով կաշկանդված են, մինչդեռ բախտը յուր առջև կը թռչտի... (դրսեն ոտնաձայն մը կը լսվի):